Ղարաբաղյան հակամարտությունը կհարվածի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի բանկերին. Moody’s

Moody’s-ը նախազգուշացնում է, որ այս հակամարտության շարունակությունը կարող է հանգեցնել ավանդների և ներդրումների նվազման։ Fitch-ն արդեն գնահատել է ռազմական դրության մեջ գտնվող Հայաստանի ֆինանսներն ու տնտեսությունը՝ նշելով հուսալիության պահուստները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ղարաբաղյան հակամարտությունը կարող է հարվածել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի բանկային համակարգերին։ Այդ մասին ասվում է Moody’s-ի այսօր հրապարակված վերլուծության մեջ։

2020–ին տնտեսական անկումը կկազմի 6.8%` 2–ի փոխարեն. ԱԺ–ն ընդունեց բյուջեի փոփոխությունը

Զինված հակամարտության շարունակումը կարող է հանգեցնել երկու երկրների բանկերից ավանդների արտահոսքի, հատկապես, եթե հակամարտությունը երկարատև բնույթ կրի և սկսի դուրս գալ Լեռնային Ղարաբաղի սահմաններից, նշում է Moody’s գործակալությունը:

Նման իրավիճակը կհանգեցնի անվստահության թե՛ ավանդատուների մոտ, որոնք կսկսեն գումարները հանել բանկերից, թե՛ ներդրողների մոտ, նշում է գործակալությունը։ Կարող են տուժել նաև արտարժութի փոխարժեքները, ինչը, ի լրումն ամեն ինչի, կանդրադառնա նաև բանկային համակարգի վրա։ Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ավանդները հիմնականում արտահայտվում են դոլարով․ Հայաստանում՝ 54%, Ադրբեջանում՝ 58%․

Հակամարտության ազդեցությունն արտացոլված է նաև Fitch գործակալության վերլուծության մեջ, որը հոկտեմբերի 6-ից Հայաստանի կրեդիտային վարկանիշը BB—ից նվազեցրել է մինչև B+՝ հաստատուն կանխատեսումով։ Ճիշտ է, Ադրբեջանի վարկանիշը դեռևս չի հրապարակվել։ Դրա վերջին խմբագրությունը կազմվել էր հուլիսի 17-ին և հաստատել էր BB+ վարկանիշ, բայց բացասական կանխատեսում էր պարունակում նավթի գների անկման պատճառով (նավթագազային հատվածը կազմում է այդ երկրի ՀՆԱ-ի 40 և արտահանման ավելի քան 80 տոկոսը)։

Բյուջեն թերակատարվել է 49 մլրդ դրամով. ՊԵԿ նախագահը կարծում է` սա դեռ վերջը չէ

Այսպիսով՝ ռազմական դրության ազդեցությունը Fitch-ը վերլուծել է միայն Հայաստանի համար, բայց այստեղ ևս մի շարք ցուցանիշներով կանխատեսումը լիովին հոռետեսական չէ։ 2020թ․-ի արդյունքներով՝ Fitch-ը Հայաստանում 6,2% տնտեսական անկում է սպասում (ապրիլի 2%-ի համեմատ)։

Գործակալությունն իջեցրել է նաև 2021թ․-ի արդյունքներով Հայաստանի վերականգնողական աճի կանխատեսումը․ այն, ըստ Fitch-ի, կկազմի 3.2%՝ ապրիլին սպասվող 5,5%-ի փոխարեն։ Fitch-ի գնահատմամբ՝ ՀՀ կառավարության պարտքը 2020թ․-ի վերջին ՀՆԱ-ի 53,5%-ից կհասնի 63,9%-ի, իսկ 2021թ․-ին՝ ՀՆԱ-ի 65,6%-ի։

ԱԺ արտահերթ նիստում. ՀՀ պետական բյուջեի ծախսերը կավելանան, եկամուտները` կնվազեն

Այնուամենայնիվ, Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է կառավարել և՛ վճարային հաշվեկշիռը, և՛ ազգային արժույթի փոխարժեքը։ Մարտին հայկական դրամը դոլարի նկատմամբ ընկավ 5 տոկոսով, բայց արդեն ապրիլի վերջին վերադարձավ նախաճգնաժամային մակարդակին (նախքան համավարակը), այն դեպքում, երբ Կենտրոնական բանկը ավելի քիչ արժույթ է նետում շուկա, քան անցյալ տարի, երբ ճգնաժամ չկար: Արդյունքում՝ արտարժութային պահուստների աճն ավելացել է, ինչը ֆինանսական պահուստներ է ստեղծում Կենտրոնական բանկի համար։ Պահպանվում է նաև միջազգային կազմակերպությունների ֆինանսավորումը, ինչը պահուստներ է ստեղծում արդեն կառավարության համար։

2020 թվականի օգոստոսին Հայաստանի արտարժութային պահուստները կազմել են 2,7 մլրդ, այսինքն՝ գրեթե նույնքան, որքան 2019 թվականի վերջին(2,8 մլրդ): Fitch-ի գնահատմամբ՝ այդ կայունությունը կպահպանվի։ Բացի այդ, հանրապետությունը չի ծախսել միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացված 1,3 մլրդ դոլարը։

ՀՀ–ն քանի՞ միլիարդ է նվիրել Թուրքիային 15 տարում

Ինչ վերաբերում է բանկային համակարգին, ապա խնդրահարույց վարկերի տեսակարար կշիռը մարտ ամսին 5,5 տոկոսից աճել է մինչև 6,6 տոկոս, իսկ 2021 թվականին սպասվում է հետագա աճ: Բայց նույնիսկ ներկայիս մակարդակում դրանց տոկոսն ավելի ցածր է, քան Ադրբեջանում (7,3 տոկոս՝ 2020 թվականի մայիսի համեմատ, Fitch-ի գնահատմամբ) ։

Հայաստանում բանկային ավանդների ծավալը փոքր-ինչ նվազել է, բայց կորոնավիրուսի, այլ ոչ թե հակամարտության պատճառով, նշում է Fitch-ը: Մարտի համեմատ դրանց ծավալը նվազել է 18,4 տոկոսով, օգոստոսի համեմատ՝ աճել է 12,5 տոկոսով, և ավանդների զանգվածային արտահոսք չի նկատվում: Իսկ պետության բիզնես վարկերի աջակցության ծրագրերի շնորհիվ օգոստոսին դրանց ծավալն աճել է 17,8 տոկոսով՝ 2018-ի օգոստոսի համեմատ։