ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik.ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելու դեպքը, որը միաժամանակ նաև մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ մարդկությանը։ Դրա համար պատասխանատվությունը, ըստ ԱԳՆ–ի, չունի վաղեմության ժամկետ։
«Սա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական հանցագործությունն է, որը բացահայտում է նրա հակամարդկային էությունը։ Այնուհանդերձ, այս քայլը լիովին տեղավորվում է տասնամյակներ ի վեր իրականացվող հայատյացության քաղաքականության մեջ»,–նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Ադրբեջանը, որն ամբողջովին բնաջնջել է հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանում և հայ ժողովրդի պատմական հայրենիքի այլ մասերում, այժմ փորձում է Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի շրջանակներում հայրենիքից և պատմական հիշողությունից զրկել արցախահայությանը։
ԱԳՆ–ն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հիշեցնում է, որ կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային հուշարձանների թիրախավորումն ամրագրված է միջազգային հումանիտար իրավունքում՝ որպես պատերազմի հանցագործություն։
Հիշեցնենք` Ադրբեջանը այսօր առավոտյան հրթիռակոծել էր Շուշիի Սուրբ Ղազանչեցող եկեղեցին, այդ պահին ներսում երեխաներ էին եղել։ Բարեբախտաբար, ոչ ոք չէր տուժել։
Դրանից հետո հրթիռակոծության հետևանքները լուսաբանելու համար եկեղեցի էին գնացել Արցախում աշխատող տեղական ու միջազգային լրատվամիջոցները:
Ադրբեջանական զինված ուժերը կրկին հրթիռակոծել էին եկեղեցին, և, ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի տարածած հաղորդագրության, այդ հարվածի հետևանքով 3 լրագրողներ են վիրավորվել։
Արցախի հրետակոծված շենքերի բնակիչները պատերազմի ավարտից հետո պետական փոխհատուցում կստանան