Արցախում ադրբեջանական կրակոցների հետևանքով 22 խաղաղ բնակիչ է մահացել. նոր տվյալներ

Հայկական միասնական տեղեկատվական հարթակը հրապարակել է ադրբեջանական հրթիռակոծությունների հետևանքների վիճակագրությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով սեպտեմբերի 27-ից ի վեր Արցախում 22 խաղաղ բնակիչ է մահացել, վիրավորվել՝ 95–ը։ Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական հարթակը:

Նույն աղբյուրի տեղեկություններով, պատերազմի 12 օրերի ընթացքում հրետակոծություններից վնասվել է 5800 բնակելի տուն, շենք-շինություն ու քաղաքացիական այլ գույք:

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի տվյալով` տուժածներից մոտ 20-ի վիճակն է թեթև, մյուսները միջին կամ ծանր վիճակում են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն