ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Օգտվելով տեխնիկական հնարավորություններից՝ կեսգիշերն անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել էր առաջնագիծ։ Կրտսեր սերժանտը, որն ասաց, որ Շիրակի մարզից է վարչապետի հարցերին, անգամ նրա ներկայանալուց հետո, պատասխանում էր հակիրճ` մեկ բառով, իսկ որոշ հարցերի տալիս էր նույն պատասխանը. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել»։
Փաշինյանին դուր եկավ նրա զգուշությունը։ Այնուհանդերձ նա ասաց, որ իր զանգի նպատակն է ասել, որ հպարտանում է մեր զինծառայողներով, սիրում է նրանց ու խոնարհարվում է նրանց ու նրանց կատարածի առաջ։
«Գիտեմ, դժվար է, բայց հիմա էն ծառայությունը, որ դուք ձեր հայերնիքին մատուցում եք, պատմական ծառայություն է, հայրենիքը ձեր առաջ միշտ պարտքի զգացում է ունենալու։ Ձեր ծառայության գինը շատ բարձր է։ Ես ու մեր կառավարությունն ամեն ինչ անելու ենք, որ ձեր չարչարանքն իզուր չանցնի։ Մենք մինչև վերջ կանգնելու ենք, որ այս պրոբլեմը չթողնենք հետագա սերունդներին։ Մենք պետք է պաշտպանենք մեր ժողովրդի, մեր հայերնիքի իրավունքը և մեր ժողովրդի անվտանգությունը»,–ասաց Փաշինյանը։
Նա խնդրեց կրտսեր սերժանտին, որ բոլոր ծառայակիցներին պատմի իր զանգի մասին և ասի, որ բոլորին վերաբերվում է որպես հարազատի, որպես ընտանիքի անդամի, որ նրանք ամեն րոպե իր սրտի մեջ են, իր հոգում։ «Ես ամեն ինչ կանեմ, որ ձեր չարչարանքն իզուր չանցնի»,–խոստացավ վարչապետը։
Նա նաև ասաց, որ խոնրահվում է զինծառայողների ընտանիքի անդամների առաջ, որովհետև իրենց վիճակն ամենածանրն է, իրենք էլ են առաջնագծում։
«Այնպիսի հայրենիք պիտի կառուցենք, որ մեր զոհերին ասենք, որ իրենց չարչարանքն իզուր չէ։ Ամուր գրկում եմ, եղբայր»,–իր խոսքը եզրափակեց ՀՀ վարչապետը։
ԱՄՆ–ը և Ռուսաստանը ղարաբաղյան կարգավորման հարցում գտնվում են նույն կողմում. Օ'Բրայեն