Ղարաբաղում սիրիացի գրոհայինների ներկայությունը ՌԴ-ի համար խոր մտահոգության առիթ են. Պեսկով

Այս պահին ոչ մի տեղեկություն չկա Ռուսաստանի կողմից գրոհայիններին հակազդելու ինչ-որ հնարավոր միջոցների մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում սիրիացի գրոհայինների ներկայությունը խոր մտահոգություն է առաջացնում Ռուսաստանի համար։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

ՄԻԵԴ–ը հաստատել է Թուրքիայի ներգրավման փաստը. որը կարող է լինել հաջորդ քայլը

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Ղարաբաղի և Հայաստանի դեմ նրանց օգտագործելու նպատակով։ Տեղեկատվության համաձայն՝ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։

Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայկական և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ները և արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ: Ֆրանսիան և Ռուսաստանը մտահոգություն են հայտնել, որ Սիրիայից զինյալներ են մասնակցում մարտական գործողություններին, որոնք ընթանում են ղարաբաղյան հակամարտության գոտում:

«Թեժ հակամարտության գոտում զինյալների գտնվելն այս օրերին մեծ վտանգ է ներկայացնում, առիթ է ՌԴ-ի խոր մտահոգության համար, ինչի մասին մենք արդեն խոսել ենք», - ասել Է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՌԴ-ն մտադիր չէ հակաահաբեկչական գործողություն իրականացնել Ղարաբաղում, ինչպես դա եղել է Սիրիայում ՝ կապված այնտեղ կռվող գրոհայինների մասին հաղորդագրությունների հետ:

Պեսկովը նաև նշել է, որ ինքը ոչ մի տեղեկություն չունի Ռուսաստանի կողմից գրոհայիններին հակազդելու հնարավոր միջոցների մասին:

«Այս պահին ես տեղյակ չեմ այդ մասին»,-ասել է նա ի պատասխան այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք Ռուսաստանի անհանգստությունն արտահայտվել գրոհայիններին ինչ-որ կոնկրետ հակազդեցություններով:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 284 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ