Ստեփանակերտը չի դատարկվել. բնակիչներն ապահովված են ջրով ու լույսով. փոխքաղաքապետ

Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը հայտնեց, որ ներկա պահին Արցախի մայրաքաղաքում անջատված է միայն գազամատակարարումը` անվտանգության նկատառումներից ելնելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ստեփանակերտի բնակչության 50 տոկոսը չի լքել քաղաքը։ Հրթիռակոծվող քաղաքից հեռացել են հիմնականում ծերերը, կանայք ու երեխաները։ Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը։

Նրա խոսքով` Ստեփանակերտում բոլոր ենթակառուցվածքները շարունակում են աշխատել, էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը վերականգնված են։

«Եթե հրթիռակոծության հետևանքով տապալվում է որևէ ենթակառուցվածք, ապա տեղում մեր մասնագետները փորձում են վերացնել բոլոր խափանումներն ու ապահովել քաղաքի բնականոն կանքը»,– ասաց նա։

Փոխքաղաքապետը հայտնեց, որ ներկա պահին Արցախի մայրաքաղաքում անջատված է միայն գազամատակարարումը` անվտանգության նկատառումներից ելնելով։

Ստեփանակերտի առավոտը պատերազմի 11-րդ օրը. լուսանկարներ

Թամրազյանը հայտնեց, որ Ստեփանակերտում գործում են անգամ սանմաքրման ծառայությունները, որոնք ամեն օր հրթիռակոծությունից հետո մաքրում են քաղաքն ու վերականգնում քաղաքի բնականոն կյանքի պայմանները։

Փոխքաղաքապետը նշեց, որ Ստեփանակերտի ապաստարաններում բնակվող քաղաքացիներին տեղական իշխանություններն ապահովում են տաք հագուստով, ծածկոցներով և սննդով։

«Մենք փորձում ենք բոլորին ապահովել սննդի, տաք հագուստի, հիգիենայի պարագաների 3 օրվա ռեզերվով»,– ասաց Թամրազյանը։

Փոխքաղաքապետը հայտնեց, որ հրթիռակոծության վնասները ներկա պահին հաշվառվում են, բայց նախնական տվյալներով տուժել են 10 բնակելի շենք, տասնյակ ավտոճանապարհներ։

Դավթյանն Ադրբեջանի հանցագործությունների խնդիրը բարձրացրել է միջազգային կառույցներում

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հանուն Արցախի. հազարավոր հայեր փակել են Բրյուսելի կենտրոնական փողոցները. տեսանյութ

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 284 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ