Հետախուզության տվյալներով` Էրդողանն ահաբեկիչների մասով նոր պայմանավորվածություն ունի

Վարձկան-ահաբեկիչներն առաջիկա օրերին կտեղափոխվեն Ադրբեջան, որպեսզի կռվեն Արցախի դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik.Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ հետախուզության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվածություն է ձեռք բերել Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդին Հիքմեթիարի հետ։

Պայմանավորվածության համաձայն` Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորումներ պետք է ներգրավվեն։ Ըստ աղբյուրի` վարձկան-ահաբեկիչներն առաջիկա օրերին կտեղափոխվեն Ադրբեջան:

«Եվս մի անհերքելի փաստ, որ թուրքական իշխանություններն ամենաբարձր մակարդակով տարածաշրջանը փորձում են վերածել ահաբեկչական որջի»,–գրել է Պողոսյանը։

Նա նաև հայտնում է, որ Գուլբեդին Հիքմեթիարն աֆղանական զինյալ է, 1990-ականներին երկու անգամ կարճատև զբաղեցրել է Աֆղանստանի վարչապետի պաշտոնը։ 2003 թվականին ԱՄՆ կողմից հայտարարվել է որպես ահաբեկիչ և մտնում է ՄԱԿ-ի «սև ցուցակի» մեջ։

Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի և Հայաստանի դեմ նրանց օգտագործելու նպատակով։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն ՀՀ և ԱՀ իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ները և արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ: Ֆրանսիան և Ռուսաստանը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողություններին Սիրիայից զինյալների մասնակցության կապակցությամբ։