ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական կողմը Իրանից ներողություն է խնդրել իրանական տարածք հրթիռներ արձակելու համար։ Տեղեկությունը հայտնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Գործակալությունը մեջբերում է Իրանի ոստիկանության հրամանատարի տեղակալ բրիգադային գեներալ Քասեմ Ռեզաիին։ Նա այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրանական սահմանապահները պատերազմող կողմերին պաշտոնապես նախազգուշացումներ են տվել այն բանից հետո, երբ Իրան են ընկել մի շարք հրետանային արկեր ու հրթիռներ։
Գեներալ Ռեզաին անձամբ է սահմանին հանդիպել ադրբեջանցի պաշտոնյաների հետ, որոնք արձակված հրթիռների համար ներողություն են խնդրել և խոստացել շտկել կրակելու իրենց անկյունը։
Երեքշաբթի Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին, որ Թեհրանն ավելի կոշտ միջոցներ կձեռնարկի, եթե մարտերում արձակված արկերը շարունակեն հարվածել իրանական տարածքներին:
Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանի տարածքում` Հայաստանին ու Ադրբեջանին սահմանակից նահանգում, մի քանի արկ է ընկել, ինչի հետևանքով վեց տարեկան երեխա է վնասվածքներ ստացել, տուժել են որոշ բնակելի տներ ու գյուղատնտեսական տարածքներ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 284 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:
Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ