2020–ին տնտեսական անկումը կկազմի 6.8%` 2–ի փոխարեն. ԱԺ–ն ընդունեց բյուջեի փոփոխությունը

Բյուջեի փոփոխությունները, կառավարության մեկնաբանմամբ, ուղղված են ՀՀ զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծելուն, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ–ն այսօր արտահերթ նիստում 89 կողմ ձայներով միաձայն ընդունեց ՀՀ կառավարության առաջարկած նախագիծը` 2020թ–ի պետական բյուջեում փոփոխություններ և լրացումներ անելու մասին։

Ինչպես նախագծի ներկայացման ժամանակ հայտնել էր ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, 2020թ–ի ավարտին սպասվում է ընթացիկ ծախսերի աճ՝ մոտ 40 մլրդ դրամի չափով, ինչը նախատեսված չի եղել բյուջեով։ Այդ ծախսը հիմնականում պայմանավորված է Հայաստանում առկա ռազմական դրությամբ։

Մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ն անհուսալի ճանաչված վարկերի տույժ–տուգանքները կներվեն

«Մասնավորապես, սպասվում է զբաղվածության ժամանակավոր նվազում, մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում, ինչպես նաև անորոշությունների ու ռիսկերի աճ: Արդյունքում` 2020թ. սպասվում է 6.8% տնտեսական անկում ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2% անկման դիմաց: Իսկ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6170,2 մլրդ դրամ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 6485 մլրդ դրամի դիմաց»,– ասել էր Ջանջուղազյանը։

Տնտեսական անկման ստեղծված պայմաններում կանխատեսվում է նաև հարկեր/ՀՆԱ ցուցանիշի անկում՝ շուրջ 0.3 տոկոսով, հարկային եկամուտների նվազում` մոտ 35 մլրդ դրամով և պարտք/ՀՆԱ ցուցանիշի աճ`ընդհանուր շուրջ 67%-ի չափով։

Բյուջեի փոփոխությունների վերոհիշյալ առաջարկը, կառավարության մեկնաբանության համաձայն, ուղղված է ՀՀ զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծելուն, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելուն, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի ու անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակին։

Պետծառայողներն իրենց սոցփաթեթի փողը կկարողանան տալ Արցախին ու ՀՀ–ին օգնող հիմնադրամներին

Հիշեցնենք` այս տարվա ապրիլի 29-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին` կառավարության առաջարկած նախագիծը: Դրանով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաշվարկով` 2020 թվականի բյուջեով նախատեսված տնտեսական 4.9 տոկոս աճը փոխարինվել էր 2 տոկոսանոց անկմամբ: