ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները կկարողանան ներել ՀՀ քաղաքացիների` մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ն անհուսալի ճանաչված վարկերի տույժ–տուգանքները:
Որոշումն այսօր ընդունվեց ՀՀ ԱԺ արտահերթ նիստում։ Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես էր եկել ՀՀ կառավարությունը։ Ինչպես խորհրդարանում նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Արման Պողոսյանը, նախագծի նպատակն է ստեղծել հնարավորություն, որպեսզի առևտրային բանկերը և վարկային կազմակերպություններն առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու` ֆիզիկական անձանց կարողանան ներել անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:
«Գործող օրենսդրությամբ` առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց մասով անհուսալի ճանաչված վարկերի գծով մինչև անհուսալի ճանաչելը հաշվարկված տույժերն ու տուգանքները ներելու դեպքում այդ ներված գումարները ներառվում են առեւտրային բանկերի և վարկային կազմակերպությունների համախառն եկամտի մեջ և հարկվում են շահութահարկով»,–ասաց փոխնախարարը։
Վարկային համաներումների ու արձակուրդների առաջարկը քաղաքական շանտաժ է. Ասատրյան
Նա հավելեց նաև, որ կառավարության առաջարկով ֆինանսական կազմակերպությունները կազատվեն չհիմնավորված շահութահարկ վճարելու պարտավորությունից, հետևաբար, նաև հակված կլինեն ներել իրենց վարկառուների անհուսալի վարկերը, ինչից ներկա իրավիճակում որպես կանոն` խուսափում են։
Վարկային համաներում կլինի, եթե ավանդատուները համաձայնեն հրաժարվել տոկոսներից. Երիցյան