ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ էլ Տիգրան Ուլիխանյանին նշանակվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ։
Հիշեցնենք, որ նա մասնագիտությամբ տնտեսագետ-կառավարիչ է։ 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:
2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունվար եղել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալը: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Հիշեցնենք, ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
«Իմ քայլը» գնում է ՀՀԿ–ի ճանապարհով. քաղտեխնոլոգը` 3 կուսակցությունների հանրահավաքի մասին
Հիշեցնենք նաև, որ քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ։ Սանասարյանից բացի, քրեական գործով ամբաստանվում են նաև ՊՎԾ ևս երկու աշխատակից՝ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։