«Ստիպված էինք զենք վերցնել». հայ գնդերեցները օգնություն են տանում առաջնագիծ

Ամբողջ աշխարհի հայերը փորձում են օգնել զինծառայողներին, ովքեր կռվում են արցախյան ճակատում։ Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականները բացառություն չեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Հայոց բանակում հոգևոր ծառայություն իրականացնող Հովհաննես սարկավագ Անդրյանը և Գոռ սարկավագ Գյուրջյանը ուշ գիշեր օգնություն են հասցնում Արցախի առաջնագիծ։ Այս անգամ նրանք պետք է հատուկ լապտերները փոխանցեն հրետանավորներին, որպեսզի մթության մեջ նրանք կարողանան կոորդինատները նշել և հաշվարկներ կատարել դիպուկ հարվածների համար: Sputnik Արմենիայի թղթակցին հաջողվել է նրանց հետ նույն ավտոմեքենայում լինել և մի քիչ զրուցել։

«Սա ամենափոքր բանն է, որ խավարի մեջ մեծ գործ է կատարում։ Հաջորդ անգամ կփորձենք անձրևանոցներ բերել, չէ որ եղանակը փչացել է», - պատմում է Հովհաննես սարկավագ Անդրյանը։

«Ստիպված էինք զենք վերցնել». հայ գնդերեցները օգնություն են տանում առաջնագիծ

Իր հերթին սարկավագ Գոռ Գյուրջյանը նշում է, որ  զինծառայողներն ուրախանում են հոգեւորականի գալով, քանի որ նաև նրա միջոցով են կապ պահպանում արտաքին աշխարհի հետ: Հոգևորականներն իրենք իրենց օգտակար են զգում, երբ զրույցների միջոցով բարձրացնում են զինվորների մարտական ոգին կամ պարզապես թուլացնում լարվածությունը։

«Ստիպված էինք զենք վերցնել». հայ գնդերեցները օգնություն են տանում առաջնագիծ

«Երբ մարդը մտածում է, որ ինքը պաշտպանելու բան չունի, հուսախաբ է լինում։ Մենք ամեն առիթի դեպքում հիշատակում ենք՝ մեր ծառայությունը մեր հայրենիքի, եկեղեցու, պետականության, ազատության, ազգային մշակույթի, արժեքների... այս ամենի համար է»,- ասում է հոգևորականն ու ավելացնում, որ զինվորների պայքարը հայրենիքի և ընտանիքների համար է, իրենք էլ՝ որպես մեծ ընտանիքի մի մասնիկ, անում են ամեն ինչ, որպեսզի զինվորներն իրենց միայնակ չզգան։

Երկու հոգևորականներն էլ նշում են, որ հակառակորդն այլ ելք չի թողել, և եկել է պահը, երբ պետք է զենք վերցնել։

«Մենք ստիպված էինք զենք վերցնել, եւ մենք փորձում ենք պաշտպանել այն ամենը, ինչ ունենք», - ասում են նրանք ու ավելացնում՝ հիմա հակառակորդի հետ պետք է զենքի լեզվով խոսել, որ հասկանան։