Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպել են

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց հանդիպման մասին տեղեկությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել է հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը»,– ասաց Սողոմոնյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 29–ին ՀՀ 2–րդ նախագահը մեկնել էր Արցախ։ Սեպտեմբերի 30–ին համացանցում մի լուսանկար տարածվեց, որտեղ Արցախի 3 նախկին նախագահները` Ռոբերտ Քոչարյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, մեկ սեղանի շուրջ էին նստած։

Երեկ` հոկտեմբերի 5-ին, հայտնի դարձավ, որ Քոչարյանն Արցախից վերադարձել է Հայաստան։ Նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Sputnik Արմենիային ասել էր, որ Քոչարյանի վերադարձի նպատակը ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպումն է։