ՌԱԴԻՈ

Մեր ոսոխն ընդհանուր է. ինչ տրամադրվածություն ունի Կիպրոսն Արցախի խնդրի նկատմամբ

Կիպրահայ գործարար, Կիպրոսի հայկական եկեղեցական թեմի հոգաբարձու Հարություն Թահմազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել կիպրահայերի շրջանում կազմակերպված հանգանակությանը և ասել, թե Կիպրոսում ինչ արձագանքներ կան Արցախի պատերազմական գործողությունների առթիվ։
Sputnik
Մեր ոսոխն ընդհանուր է. ինչ տրամադրվածություն ունի Կիպրոսն Արցախի խնդրի նկատմամբ

Հարություն Թահմազյանի խոսքով` կիպրահայությունը բնականաբար անտարբեր չէ, ավելին` կիպրահայությունը նույնպես պատերազմական վիճակի մեջ է։ Եթե նրանք ֆիզիկապես չեն կարող գտնվել Արցախում, ապա գոնե կարող են նյութապես օգտակար լինել հայրենակիցներին, ինչն էլ կազմակերպված անում են վերջին օրերին։ 

«Մենք անցյալ շաբաթ բողոքի ցույց անցկացրինք Կիպրոսում տեղակայված Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ–ի դիվանագիտական ներկայացուցչությունների առջև, որովհետև այդ երկրները Մինսկի խմբի համանախագահներն են։ Մեր դժգոհության պատճառն այն է, որ բավարար քայլեր չեն ձեռնարկվում, ինչի կապակցությամբ նամակներ հանձնեցինք նրանց»,– պատմում է Թահմազյանը։ 

Նրա փոխանցմամբ` տեղաբնակ հայերը մտահոգ են, նրանք ցանկանում են տեղյակ լինել, թե ինչ է կատարվում Արցախում, զինվորագրվելու ցանկություն ունեցողների թվաքանակը մեծ է։

Վնասազերծվել են թշնամու ռեզերվային մեծաթիվ ուժեր, Բաքու ձգվող մայրուղիներում խցանումներ են

«Մեր ոսոխն ընդհանուր է, նույն Թուրքիան զավթել է Կիպրոսի հյուսիսային հատվածը։ Բոլորս աշխատում ենք, որպեսզի մեր համայնքը հնարավորինս օգտակար լինի հայրենիքին, և այդ առթիվ աշխատանքներն ընթացքի մեջ են։ Հայկական թեմի առաջնորդարանը և երեսփոխանական գրասենյակը համակարգում են հանգանակության գործընթացը։ Մեծ աշխատանքն են կատարում հատկապես Խորեն սրբազանը և Կիպրոսի ազգային ժողովի հայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանը։ Հանգանակությանը մասնակցել են մեծ թվով կիպրահայեր»,– նշում է նա։

Թահմազյանի տեղեկացմամբ` կիպրական մամուլն արցախյան ճակատում ընթացող իրադարձությունները ներկայացնում է մարտական ոգով, կարծես Ադրբեջանն իրենց թշնամին լինի։ Ըստ նրա` նույնպիսի տրամադրություններ կան նաև Կիպրոսի կառավարական շրջանակներում։ Կիպրոսի եկեղեցին իր հերթին զորակցության նամակ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, իսկ հայկական ակումբներից մեկում  կազմակերպված հանդիպմանը ներկայացել էին նաև շրջանի մի շարք քաղաքապետներ, պատգամավորներ, որոնք կազմակերպված ասուլիսի ընթացքում նեցուկ կանգնեցին հայերին։ 

«Իմ քայլի» ադրբեջանագետ պատգամավորը վստահ է` Ալիևը դեռ խնդրելու է հրադադար հայկական կողմից

Հարություն Թահմազյանի դիտարկմամբ` Կիպրոսը որպես Եվրամիության ու Եվրոպայի խորհրդի անդամ աշխատում է իր ձայնը հասցնել ամենուր, աշխարհամասի մյուս երկրներին, և այդ կապակցությամբ որևէ ջանք չի խնայվում։ 

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ