Ջալալ Հարությունյանը Twitter-ում միկրոբլոգ չունի. հրամանատարի անունով կեղծ էջ են բացել

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի անունից Twitter սոցիալական հարթակում բացված կեղծ էջով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Twitter սոցիալական հարթակում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի անունով բացվել է կեղծ էջ։ Տեղեկությունը Telegram-ի իր ալիքում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ադրբեջանը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել. ՊՆ խոսնակ

Twitter սոցիալական հարթակում բացված այդ էջով կեղծ տեղեկություններ են տարածվում։

«Ջալալ Հարությունյանը Twitter–ում չունի միկրոբլոգ»,–գրել է Հովհաննիսյանը։

Նշենք, որ վերջին օրերին տարբեր սոցիալական հարթակներում ադրբեջանական օգտատերերի կողմից բազմաթիվ կեղծ էջեր են բացվում ապատեղեկատվություն տարածելու համար։ Կեղծ էջերում հայտնված տեղեկատվությունը հայերեն է և միացված է գովազդի ծառայությունը, որը թույլ է տալիս հնարավորինս շատ դիտելիություն ապահովել։

ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ռազմական գործողություններին զուգահեռ Ադրբեջանը նաև քարոզչական պատերազմ է վարում Հայաստանի դեմ, օգտագործելով նաև սոցիալական կայքերի կեղծ օգտատերերի էջեր` դրանցով կեղծ տեղեկություններ ու խուճապային տրամադրություններ տարածելու համար։

ՊՆ խոսնակի անունով բացված կեղծ էջից նամակ է ուղարկվում

Օրեր առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ Արցախի Հանրապետության բջջային ցանցի՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից անհայտ ճանապարհով ձեռք բերված 097-77-72-70 հեռախոսահամարի օգտագործմամբ կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով։

Չօգտվել հայկական անուններով ստեղծված ադրբեջանական կեղծ էջերից. ԱԱԾ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ