Իսրայելն ու Ադրբեջանը միայն զենքով չէ, որ կապված են. ռուսաստանցի փորձագետ

Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը հիմնված է նաև տարածաշրջանում Իսրայելի աշխարհաքաղաքական շահերի վրա, որոնցում կարևոր դեր է խաղում Իրանի հետ Ադրբեջանի ընդհանուր սահմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի համար Ադրբեջանը կարևոր է ոչ միայն որպես սպառազինության գնորդ, այլ նախևառաջ որպես տարածաշրջանում Իրանին հակազդելու գործոն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է «Նատիվ» իսրայելական հատուկ ծառայության նախկին ղեկավար, սպառազինության և աշխարհաքաղաքականության ոլորտի փորձագետ Յակով Կեդմին։

Փորձագետը նշել է, որ Իսրայելը վաղուց է զենք, ԱԹՍ–ներ, ինչպես նաև սպառազինության հետ կապված ամեն ինչ մատակարարում Ադրբեջանին, այդ թվում էլեկտրոնիկա, իսկ վերջին շրջանում նաև փոքր հեռահարության հրթիռներ։

«Զենքի մատակարարման առաջին պատճառը նավթն է։ Զենքի մատակարարումը վարձահատույց լինելու մի ձև է։ Այսինքն` նավթի դիմաց վճարելու փոխարեն զենք ենք տալիս», – ասել է Կեդմին։

Նրա խոսքով` Ադրբեջան զենքի մատակարարման ծավալները Իսրայելի համար զգալի են, մասնավորապես, վերջին գործարքն Ադրբեջանի հետ, որը կնքվել էր շուրջ 1 տարի առաջ, 1.5 մլրդ դոլար էր գնահատվում։ Հիմնականում խոսքն էլեկտրոնային և անօդաչու սարքերի մասին էր։

Կարելի է վստահաբար ասել, որ Թուրքիան ահաբեկիչներին նաև Ղարաբաղում է օգտագործում. Ասադ

Սակայն, փորձագետի կարծիքով, իսրայելական զենքը ԼՂՀ ռազմական գործողությունների ընթացքում որոշիչ գործոն չէր, քանի որ օգտագործվում է նաև Թուրքիայում արտադրված սպառազինություն, այդ թվում թուրքական ԱԹՍ–ներ։

Կեդմին ընդգծել է, որ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը հիմնվում է նաև տարածաշրջանում Իսրայելի աշխարհաքաղաքական շահերի վրա, որոնցում կարևոր դեր է խաղում Իրանի հետ Ադրբեջանի ընդհանուր սահմանը։ Նա մի տեղեկություն հիշեցրեց, որի համաձայն` Ադրբեջանի օդանավակայաններից իսրայելական անօդաչուներ են բարձրանում, որոնք պտտվում են Իրանի երկնքում։

Կանադան դադարեցնում է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը. Կանադայի ԱԳՆ

Ավելին, փորձագետը չի բացառում, որ իսրայելական հատուկ ծառայությունների կողմից իրանական միջուկային արխիվի հափշտակումը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի մասնակցությամբ։

Թուրքական ԱԹՍ–ները կրճատեցին կորուստները. Ալիևի խոստովանությունը

«Երբ երկու տարի առաջ Իսրայելի վարչապետը հայտնեց այն մասին, որ Իսրայելը դուրս է բերել Իրանի ռազմական միջուկային ծրագրի արխիվը, որն արտասահմանյան ԶԼՄ–ների հաղորդմամբ գտնվել է Իրանում, այդ արխիվի դիսկերի արկղերով բեռնատարները Իրանը լքեցին Ադրբեջանի տարածքով։ Այսինքն` հարաբերությունները շատ բարդ են և շատ նուրբ խնդիրների են վերաբերում», – կարծում է նախկին հետախույզը։

Փորձագետն անդրադարձել է հայ–իսրայելական հարաբերություններում առկա ևս մեկ խնդրի։ Ըստ նրա` դժվարությունները կապված են նաև նրա հետ, որ Իսրայելը չի ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։

«Մենք մինչ օրս չենք ճանաչել թուրքերի իրականացրած հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Սա, իմ կարծիքով, իսկապես խնդիր է։ Իսկ զենքի մատակարարումը մեծ նշանակություն չունի։ Ընդհանրապես, եթե ոչ Իսրայելը, ապա Ֆրանսիան կամ Չինաստանը կմատակարարեին... Սակայն կարծում եմ, որ Ադրբեջանին զենք մատակարարելուց ավելի շատ մեծ վնաս է հասցնում այն, որ Իսրայելի չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը», – ավարտում է իր խոսքը փորձագետը։

Փորձենք ազդել Թուրքիայի վրա, որ ձեռքերը հետ քաշի ահաբեկչությունից. Իսրայելի ՊՆ

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը 2019 թվականի սեպտեմբերին որոշում է ընդունել Իսրայելում դեսպանատուն բացել, սակայն դեսպանի նստավայրը Երևանում էր։ 2020 թվականի փետրվարի 25-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց հայկական դիվանագիտական առաքելության նստավայրը Երևանից Թել Ավիվ տեղափոխելու մասին։

Իրանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ

Սակայն ԼՂՀ–ում էսկալացիայի ֆոնին հոկտեմբերի 1-ին Հայաստանը հետ կանչեց Իսրայելում իր դեսպանին` այդ երկրի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու պատճառով։ Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտնել էր ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, Երևանի համար անընդունելի են Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից զենքի մատակարարումները։

«Դիվանագիտական խողովակներով մենք բազմիցս մեր իսրայելական գործընկերներին հայտնել ենք դրա մասին և նշել, որ դա հատկապես ցավալի է այն ժամանակշրջանում, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի և Հայաստանի դեմ», – ասել էր Նաղդալյանը։

Ելնելով ստեղծված իրավիճակից, ԱԳՆ–ն որոշում էր կայացրել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանը հետ է կանչում Իսրայելում իր դեսպանին

Հոկտեմբերի 5-ին Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլին իր հայ գործընկեր Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թել Ավիվի հետ հարաբերություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ։ Ռիվլինը ափսոսանք է հայտնել տարածաշրջանում զինված բախումների առնչությամբ։ Նա նաև ընդգծել է, որ Իսրայելը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում և պատրաստ է հումանիտար մակարդակով աջակցություն ցուցաբերել։ Նա Հայաստանի դեսպանի շուտափույթ վերադարձի հույս է հայտնել։

Հիշեցնենք, որ հակամարտության գոտում սեպտեմբերի 27-ից ինտենսիվ մարտեր են ընթանում։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն է հայտարարվել։ Մարտերի ընթացքում հայկական կողմն ավելի քան 220 զոհ է տվել։ Ադրբեջանի կորուստները, հայկական կողմի տվյալներով, ավելի քան 3 հազար են։