ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Իրանի կողմից կան ոչ միայն քաղաքական հայտարարություններ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Հաթամիի հայտարարությունը, ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մենք տեսել ենք Իրանի կողմից քաղաքական ու ռազմական գերատեսչության ներկայացուցչի մի քանի հայտարարություն։ Մենք տեսնում ենք, որ Իրանը դիմում է նաև որոշակի քայլերի ու դրանք չեն սահմանափակվում միայն հայտարարություններով»,– ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք`Թեհրանն այսօր պաշտպանության նախարարի մակարդակով հայտարարել էր, որ դիմելու է կոշտ քայլերի, եթե հայ–ադրբեջանական ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվող ռումբերն առաջիկայում էլ ընկնեն Իրանի տարածք։
«Մեր սահմանների անվտանգությունը կենսական կարևորություն ունի մեզ համար, - ասել էր նա,– ցանկացած տիպի հարձակում մեզ համար անընդունելի է, և եթե այդ քայլերը կրկնվեն, մենք զգուշացումներից բացի կանցնենք առավել կոշտ միջոցների»։
Արցախցի պատգամավորն Իրանին կոչ է անում աշխատանքային խումբ ստեղծել ահաբեկիչների առնչությամբ
Նշենք, որ մի քանի օր առաջ գնդակոծությունների մասին հայտարարել էր Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Հատիբզադեն։
Պատահական արկերն ընկել էին Իրանի և Արցախի սահմանից 10-12 կմ հեռավորության վրա գտնվող Իրանի սահմանամերձ Փարվիսխանլու գյուղի տարածքում, որի հետևանքով 6-ամյա երեխա էր վիրավորվել։