«Իմ քայլի» ադրբեջանագետ պատգամավորը վստահ է` Ալիևը դեռ խնդրելու է հրադադար հայկական կողմից

Պատգամավորի խոսքով` Թուրքիան պետք է զրկվի տարածաշրջանում, Արցախի հարցում որևէ դերակատարում ունենալու հնարավորությունից
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական բանակը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռ հրադադար են խնդրելու հայկական կողմից: Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Կարելի է վստահաբար ասել, որ Թուրքիան ահաբեկիչներին նաև Ղարաբաղում է օգտագործում. Ասադ

«Այս ժամերին, երբ Թուրքիայի արտգործնախարարը գտնվում է Բաքվում, Բաքուն հայտարարեց, որ շարունակում է լայնածավալ ռազմական գործողություններն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: Սա ևս մեկ անգամ հստակ փաստում է, որ պաշտոնական Անկարան ուղղակի հրահրում է Բաքվին գնալ ռազմական գործողությունների շարունակությանը: Չավուշօղլուն փաստացի ասել է, որ հրադադարը որևէ իմաստ և նշանակություն չունի: Այն, որ ադրբեջանական բանակը և անձամբ Իլհամ Ալիևը դեռ խնդրելու է հրադադար հայկական կողմից, քննարկումներից դուրս է»,– ասաց նա։

Հայրապետյանը շեշտեց, որ այսօր հայկական բանակը կռվում է իրականում մշտապես պարտված և պարտվող ադրբեջանական բանակի դեմ։ Իսկ համաշխարհային հանրությունը, նրա դիտարկմամբ, ևս մեկ անգամ համոզվում է, որ այս կռվում խոսքը բացառապես ապրելու իրավունքի, էքզիստենցիալ անվտանգության, ինչպես նաև ահաբեկիչների դեմ մղվող պայքարի մասին է, որոնք հստակ աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից:

«Թուրքիան պետք է զրկվի տարածաշրջանում, Արցախի հարցում որևէ դերակատարում ունենալու հնարավորությունից, և միայն դրանով հնարավոր կլինի ապահովել տարածաշրջանային առանց այն էլ փխրուն կայունությունը»,- ասաց Հայրապետյանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ