ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Թշնամու ինտենսիվ հրթիռակոծության հետևանքով Ստեփանակերտում մի քանի տասնյակ քաղաքացիական շինություններ, տներ, անգամ դպրոց է ավերվել։ Արցախի տեղեկատվական շտաբը Telegram-ի ալիքում նոր տեսանյութ է տարածել, որը ներկայացնում է Ստեփանակերտը երեկվա հրթիռակոծությունից հետո։ Այն վայրերում, որտեղ հենց արկն է ընկել, դժվար է անգամ պատկերացնել, թե նախկինում ինչ է եղել։ Շինության տեղում հիմա հսկայական ցեխով լի ջրափոս է, շուրջբոլորն էլ ավերակներ։
Նկարահանումները կատարվել են ընթացող ավտոմեքենայի միջից։
Առաջին կադրերում անսովոր ոչինչ չի նկատվում, Ստեփանակերտի փողոցներն էլ սովորականի նման մաքուր են, միայն թե անսովոր դատարկ։ Հաջորդ կադրերում արդեն արկերի բեկորներ են, ցեխ... Վայրկյաններ անց երևում է հսկայական ջրափոսն ու երբեմնի շինության կամ շինությունների ավերակները։