ՀՀ կառավարությունն առաջարկում է փոխել Հայաստանում հաստատված զորահավաքային պլանը

Օրենքը հաստատվելու է անհետաձգելի կարգով։ Առաջին ընթերցումից անմիջապես հետո այն քննարկվելու ու քվեարկվելու է նաև երկրորդ ընթերցմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ–ն այսօր քննարկում է ՀՀ կառավարության առաջարկած «Պաշտպանության մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Դրանով գործադիրն առաջարկում է փոփոխել հանրապետությունում հաստատված ու այժմ գործող զորահավաքային պլանը։ 

Ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են՝ հայտարարված զորակոչին անդամագրվելու համար. տեսանյութ

Ինչպես նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է Արցախում ու Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակով։

«Ընդունված փոփոխությունը թույլ կտա հանրապետությունում հաստատել զորահավաքային նոր պլան, ինչը հատկապես արդիական է Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների ու ՀՀ–ում հաստատված ռազմական դրության պայմաններում»,– ասաց Բալայանը։

Բանն այն է, որ 2015 թվականին ՀՀ Սահմանադրական փոփոխություններից հետո այս ընթացքում ի հայտ են եկել որոշ օրենսդրական բացեր։

Փաշինյանը մարտակոչով դիմեց վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված տղաներին

Մասնավորապես` նախկին Սահմանադրությամբ զորահավաքային պլանները հաստատվում էին ՀՀ նախագահի հրամանագրերով, իսկ գործող Սահմանադրությամբ այս գործառույթը դուրս է նախագահին վերապահված լիազորությունների շրջանակից։

Առաջարկվող փոփոխությամբ զորահավաքային պլանի հաստատումը առաջարկվում է վերապահել ՀՀ կառավարությանը։

Օրենքը հաստատվելու է անհետաձգելի կարգով։ Առաջին ընթերցումից անմիջապես հետո այն քննարկվելու ու քվեարկվելու է նաև երկրորդ ընթերցմամբ։