Հայի սրտով ռուսը․ Երևանում հրաժեշտ տվեցին Արցախում զոհված Եվգենի Գորոդնիչիին

Արցախում զոհված տղաների ցանկում ռուսի անուն կա։ Մեր նյութում ընթերցեք՝ ինչպես Հայաստանը երկրորդ հայրենիք դարձավ Սանկտ Պետերբուրգում ծնված տղայի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Այսօր Երևանում հրաժեշտ տվեցին զինծառայող Եվգենի Գորոդնիչիին, որը զոհվել է Արցախում ընթացող մարտերի ժամանակ։

21 նոր զոհ. ՊԲ-ն մարտերում ընկածների անուններն է հրապարակել

Հայաստանը, ինչպես հայտնի է, մոնոէթնիկ պետություն է, սակայն հայրենիքի ազատության ու անկախության համար կյանքը զոհաբերած հայ զինվորների շարքում նաև ռուս կա։

Եվգենի Գորոդնիչիի մահվան լուրը հրապարակվեց հոկտեմբերի 3-ին։ Նրա անունը նշված էր զոհված զինծառայողների ցանկում։

«Եվգենին իսկական հայրենասեր էր, սիրում էր Հայաստանը։ Նրա ստորաբաժանումը առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 27-ին էին մարտական գոտի տեղափոխել, - ասում է Եվգենիի խորթ հայրը, որն ազգությամբ հայ է, բայց չցանկացավ իր անունը հրապարակել,– ի՞նչ եմ արել, որ իմ մասին գրեք»։

Գորոդնիչին ծնվել է 1993 թվականին Սանկտ Պետերբուրգում։ Հետագայում մայրն ամուսնացել է հայի հետ ու 2001 թվականին որդու հետ տեղափոխվել Երևան։ Այդ ժամանակից այստեղ է ապրել, ՀՀ քաղաքացիություն ստացել։ Եվգենին մեկ տարի առաջ էր ծառայության անցել ՀՀ Զինված ուժերում, պրոֆեսիոնալ զինվորական էր։

Հիմա Եվգենին լուռ է․․․ Լուռ են նաև նրա դագաղի մոտ հավաքվածները․․․Մերթընդմերթ կնոջ լաց է լսվում։ Շուրջը ծաղկեպսակներ են՝ վարչապետից, պաշտպանության նախարարությունից, ԱԺ խոսնակից, Երևանի քաղաքապետից․․․

Հայի սրտով ռուսը․ Երևանում հրաժեշտ տվեցին Արցախում զոհված Եվգենի Գորոդնիչիին

«Հպարտանում եմ Եվգենիով․․․ Միշտ համարել եմ, որ հարազատ որդիս է։ Ինձ սփոփում է այն միտքը, որ կարողացա նրա մեջ Հայաստանի հանդեպ սեր սերմանել։ Հայաստանն իր համար երկրորդ հայրենիքը դարձավ, ու նա մահացավ Հայաստանի համար», - ասում է հայրը՝ հազիվ զսպելով արցունքները։

Ռուս զինվորին կհուղարկավորեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որտեղ հանգչում են Հայաստանի ազգային հերոսները՝ Անդրանիկ Օզանյանը, Դրոն, Մոնթե Մելքոնյանը․․․