Հայաստանը ԵԱՏՄ նիստին Ղրղզստանի վարչապետի մասնակցության մասին ծանուցում չի ստացել

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 9-ին Երևանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Հայկական կողմը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևի մասնակցության մասին ծանուցում չի ստացել:

«Պաշտոնապես մենք նման ծանուցում չենք ստացել», - Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կժամանի Երևան ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի` հոկտեմբերի 8-ին կայանալիք նիստին։

Երեկ` հոկտեմբերի 5-ին, Բիշքեկի կենտրոնում բողոքի ակցիաներ էին կազմակերպել այն կուսակցությունների կողմնակիցները, որոնք հոկտեմբերի 4-ին կայացած ընտրությունների արդյունքում խորհրդարան չէին անցել: Ցուցարարները պահանջում էին չեղարկել ընտրությունների արդյունքները և կրկնակի քվեարկություն անցկացնել։ Երեկոյան բախումներ էին սկսվել ցուցարարների ու ոստիկանության աշխատակիցների միջև։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով` բախումների հետևանքով 1 մարդ մահացել է, 590–ը՝ տուժել:

Ցուցարարները գրավել էին «Սպիտակ տունը» (խորհրդարանի և նախագահական վարչակազմի շենքը), ինչպես նաև մեկուսարանից ազատել պետության նախկին ղեկավար Ալմազբեկ Աթամբաևին:

Այսօր` հոկտեմբերի 6-ին, Ղրղզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր ճանաչեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) Կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան հայտնել էր, որ Ղարաբաղյան հակամարտության սրման ֆոնին հոկտեմբերի 9-ին Հայաստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի հանդիպում անցկացնելու ծրագրերը պահպանվում են, բայց ձևաչափը մշակվում է:

Պեսկովը Երևանում վայրէջք կատարած ինքնաթիռի մասին տվյալներ չունի