ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. 13 կուսակցություն գրությամբ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված կալանավորման որոշումը: Facebook սոցցանցի իր էջում տեղեկությունը հայտնում է ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Պատերազմական իրավիճակից ելնելով, նկատի ունենալով Ծառուկյանի ավանդը ՀՀ պետականաշինության, բանակաշինության և բարեգործական ոլորտներում, ինչպես նաև ունեցած միջազգային մեծ կապերը` գտնում ենք, որ Ծառուկյանին կալանքում պահելը չի բխում Հայաստանի և Արցախի շահերից»,–նշված է դատախազին ուղղված նամակում։
Նամակում ասվում է նաև, որ քրգործի հարուցումից հետո շուրջ երեք ամիս Ծառուկյանը գտնվել է ազատության մեջ և այդ ընթացքում չի խուսափել նախաքննության մարմնից։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ 13 կուսակցություններ միջնորդում են վերացնել Ծառուկյանի խափանման միջոցը կամ ընտրել «ստորագրություն՝ չհեռանալու մասին» խափանման միջոցը:
Հայտարարությունը ստորագրել են «Ազգային Օրակարգ», «ԱԻՄ», «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Դեմկուս», «ՀՅԴ», «Հայրենիք», «Հանուն սոցիալական արդարության», «Մեկ Հայաստան», «Քրիստոնեա-դեմոկրատական», «Դեմոկրատական այլընտրանք», «Ազգային անվտանգություն», «Ազգային համաձայնություն» կուսակցությունները:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։ Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։
Սեպտեմբերի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։