ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook–ի իր էջում զգուշացրել է, որ պատերազմական իրավիճակում պետք չէ հավատալ ո՛չ ձայնային հաղորդագրություններին, ո՛չ էլ մեսենջերին եկող զանգերին, եթե դա անում են անծանոթները։
«Դուք, շատ հավանական է` մաքուր հայերենով նման զանգեր կամ հաղորդագրություն ստանաք։ Ու դե պարզ ա չէ, որ ադրբեջանցին չի կարող մաքուր կամ «քյարթ» հայերենով խոսել։ Բայց ինչ են անում։ Ֆեյքերով կապվում են լիքը մարդու հետ։ Առաջարկում են գրավոր տեքստ կարդալ, ձայնագրել և իրենց ուղարկել։ Դիմացը վճարում են։ Մարդիկ չեն էլ հասկանում, թե ինչ են անում, քանի որ հայ ֆեյքերով են հետները շփվում»,–գրել է Մարտիրոսյանը։
Նա հորդորել է չհավատալ դրանց, եթե նույնիսկ լավ բաներ են ասում։ Մարտիրոսյանը նշել է, որ ադրբեջանցիները դա էլ են անում. դուրեկան կամ վստահելի բաներ են ուղարկում, որ մարդիկ սովորեն նմանատիպ հաղորդագրություններին, ու դա նորմալ թվա նրանց։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 390 տանկ և ՀՄՄ:
Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ