Դիվանագետներին չեն լսում՝ կլսեն զինվորականներին. Իրանը կրկին նախազգուշացնում է կողմերին

Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով, եթե գնդակոծությունները նույնիսկ պատահական բնույթ են կրում, դրանք անթույլատրելի են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik.  Իրանի տարածքի գնդակոծումն անթույլատրելի է։  Այս մասին`արցախյան հակամարտության գոտուց Իրանի տարածք արկեր ընկնելու հետ կապված հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին։ Նա հայտարարել է, որ Թեհրանն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի, եթե գնդակոծությունները չդադարեն, փոխանցում է IRNA իրանական պետական լրատվական գործակալությունը։

Նույնիսկ եթե այդ գնդակոծությունները պատահական բնույթ են կրում, դրանք անթույլատրելի են, նախազգուշացրել է Հաթամին։

Մեր տարածք արկերի ընկնելն անընդունելի է․ Իրանի ԱԳՆ

«Հույս ունենք, որ այս նախազգուշացումները կլսեն և հաշվի կառնեն միմյանց հետ հակամարտության մեջ գտնվող հարևանները, քանի որ Իսլամական Հանրապետության տարածքում քաղաքացիների և սահմանամերձ գոտու բնակիչների անվտանգությունը կարևոր հարց է», – հայտարարել է Հաթամին։

Նշենք, որ մի քանի օր առաջ գնդակոծությունների մասին հայտարարել էր Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Հատիբզադեն։

Պատահական արկերն ընկել էին Իրանի և Արցախի սահմանից 10-12 կմ հեռավորության վրա գտնվող Իրանի սահմանամերձ Փարվիսխանլու գյուղի տարածքում, որի հետևանքով 6-ամյա երեխա էր վիրավորվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Մեր տարածք արկերի ընկնելն անընդունելի է․ Իրանի ԱԳՆ

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ