UFC չեմպիոն Ռոնդա Ռոուզին աջակցում է Արցախին. Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել

Ամերիկացի մարզիկը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններն Արցախում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկացի մարզիկ և դերասանուհի, ММА և UFC չեմպիոն Ռոնդա Ռոուզին Instagram-ի իր պաշտոնական էջում  աջակցություն է հայտնել Արցախին և Հայաստանին։

«Հայաստանն ու Արցախը հարձակման են ենթարկվում։ Համերաշխություն ցուցաբերեք, որպեսզի համատեղ ջանքերով իրազեկենք բոլորին այդ մասին։ Բարձրացրեք ձեր ձայնն ընդդեմ Ադրբեջանի հարձակման, որին աջակցում է Թուրքիան և Արցախում՝ դարերն ի վեր հայերի հայրենիքում ազգային զտում իրականացնելու նրա ձգտման դեմ։ Ձեր երկրի նախագահներին կոչ արեք դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները»,-կոչ է արել Ռոուզին իր հետևորդներին։

Ադրբեջանը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել. ՊՆ խոսնակ

Ամերիկացի մարզիկին շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։

«Շնորհակալություն, Ռոնդա Ռոուզի»,-գրել է Մխիթարյանն իր «Stories»-ում` տեղադրելով լուսանկար, որի վրա գրված է «Խաղաղություն Հայաստանին»։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ