ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Արդեն երկու օր է, ինչ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Արցախում է` մարտական գործողություններից տուժածների բուժօգնության կազմակերպման հարցերը կանոնակարգելու համար: Տեղեկությունը հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Առողջապահության նախարարը շարունակում է շրջայցերը Հայաստանի և Արցախի հանրապետությունների բժշկական կազմակերպություններում` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով տուժած վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը համակարգելու, աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ:
Արսեն Թորոսյանը հավաստիացել է, որ բոլոր բժշկական կազմակերպությունները ներկա պահին հագեցած են անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով և սարքավորումներով, շտապօգնության մեքենաների անհրաժեշտ քանակով: Միաժամանակ, բուժաշխատողների առաջնագծում ծառայելու պատրաստակամության շնորհիվ` առողջապահության նախարարության միջոցով կենտրոնները համալրված են համապատասխան նեղ մասնագետներով:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:
Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ