ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական ավիաընկերությունները թույլտվություն են ստացել կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի 24 երկրներ, այդ թվում՝ Հայաստան, և կարող են օգտվել այդ իրավունքից ավիահաղորդակցության վերսկսման դեպքում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռոսավիացիային։
Փոխադրողները թույլտվություն են ստացել ինչպես այն երկրների համար, որոնց հետ ավիահաղորդակցությունը վերականգնված է, այնպես էլ նրանց համար, որոնց ուղղությամբ այս պահին թռիչքներ չեն իրականացվում։
Մասնավորապես, փոխադրողները թույլտվություն են ստացել դեպի հետևյալ բաց պետություններ՝ Բելառուս, Մեծ Բրիտանիա, Եգիպտոս, Ղազախստան, Ղրղզստան, Մալդիվներ, ԱՄԷ, Թուրքիա, Տանզանիա և հետևյալ փակ երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան, Գերմանիա, Հունաստան, Իսրայել, Իսպանիա, Իտալիա, Կիպրոս, Չինաստան, Մալթա, Նիդեռլանդներ, Սաուդյան Արաբիա, Թուրքմենստան, Չեխիա, Ուզբեկստան:
«Փոխադրողների թույլտվության միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թ․-ի սեպտեմբերի 18-ի որոշմամբ ռուսական ավիաընկերություններին տրամադրվել են դեպի օտարերկրյա պետությունների մի շարք կետեր ուղևորների և (կամ) բեռների միջազգային փոխադրումների իրականացման թույլտվություններ։ Ընդ որում՝ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը նշում է, որ այդ թույլտվությունների տրամադրման մասին որոշումը Ռոսավիացիայի հրամանում նշված միջազգային երթուղիներով թռիչքների վերականգնման հիմք կամ որոշում չէ․․․ Թույլտվությունը ավիաընկերության իրավունքն է, որից կարող է օգտվել թռիչքների վերսկսման դեպքում»,-ասել է Ռոսավիացիայի ներկայացուցիչը։
Իրանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ
Ավիաընկերությունները նաև չարտերային չվերթերի թույլտվություն են ստացել դեպի վեց երկիր՝ Ավստրիա, Բուլղարիա, Հունգարիա, Իսպանիա, Ֆրանսիա, Կուբա։
Ընդլայնվել են հետևյալ ավիաընկերությունների քվոտաները՝ Rossiya, Utair, Rusline, Ikar, Azimuth, դեպի Ղազախստան՝ Azimuth, Red Wings, Nordwind, դեպի Ղրղզստան՝ Nordwind, Ikar: