ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումներին։
«Մնացականյանն իր գործընկերոջը իրազեկել է Ադրբեջանի կողմից Արցախի մայրաքաղաքի և խոշոր բնակավայրերի, քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների միտումնավոր հրետակոծման վերաբերյալ։ Նա խստորեն դատապարտել է միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով ուղեկցվող գործողությունները»,–նշված է հաղորդագրության մեջ։
ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններում Թուրքիայի աջակցությամբ Մերձավոր Արևելքից Ադրբեջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավվածության առնչությամբ։ Սա, Մնացականյանի խոսքով, հանգեցնում է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության խաթարմանը։
Երկուստեք ընդգծվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը և այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:
Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ