Էլթոն Ջոնն ու ռեփեր Xzibit–ը Հայաստանի ու Արցախի մասին գրառումներ են արել

Ամերիկացի երգիչները միացել են ի պաշտպանություն Արցախի ու Հայաստանի իրականացվող տեղեկատվական արշավին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ ամերիկացի երգիչ Էլթոն Ջոնը Twitter-ում միացել է ի պաշտպանություն Արցախի ու Հայաստանի իրականացվող #PeaceForArmenians (Խաղաղություն հայերին) արշավին, որի մասնակիցներն իրենց լուսանկարները փոխարինում են կարմիր գույնով`հետևորդների ուշադրությունը հրավիրելով Արցախում իրականացվող թուրք–ադրբեջանական ագրեսիայի վրա։ 

«Ես այսօր միանում եմ մյուսներին ՝ կարմիր բլոկ տեղադրելով, քանի որ մենք խաղաղություն ենք ուզում հայերի համար»,– գրել է երգիչը։

Նա նաև հիշեցրել է, որ 2018-ի մայիսին այցել էր Հայաստան ու խորապես ցնցվել այդ գեղեցիկ երկրի ժողովրդի բարությունից ու մարդասիրությունից:

«Այժմ Հայաստանն ու Արցախը ադրբեջանական ու թուրքական անկանխատեսելի ագրեսիայի հարձակման են ենթարկվում: Թիրախավորվում են քաղաքացիական անձինք, և երկու կողմն էլ անմեղ զոհեր ունի: Հայերը գեղեցիկ ազգ են և արժանի են կայուն խաղաղության`տարիների պատմական հալածանքներից հետո»:

Ամերիկացի ռեփեր Xzibit–ը ևս հրապարակում է արել Twitter-ում և կոչ է արել միանալ համահայկական դրամահավաքին։ 

Երգիչը հրապարակել է Արցախի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի լուսանկարը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի հղումով։

«Աղոթում եմ իմ բոլոր հայ եղբայրների ու նրանց ընտանիքների համար»,– գրել է Xzibit–ը` հանգանակության կոչով դիմելով իր հետևորդներին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Աղոթում ենք ձեզ համար, ուժեղ եղեք. Թոմ Քաթինան կնոջ ու որդու հետ տեսաուղերձ է հղել հայերին

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ