ԱՀ ԱԺ–ն կոչ է անում աշխարհի երկրների խորհրդարաններին ճանաչել Արցախի անկախությունը

Արցախի ԱԺ–ն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, ինչպես նաև միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերը, սակայն Թուրքիայի և Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման հետևանքով դրանք գործնական արդյունք չեն տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Արցախի միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին հայտարարություն է տարածել։

Արցախում արդեն 19 խաղաղ բնակիչ է սպանվել. Արցախի ՄԻՊ

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Թուրքիայի և Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության և կոչ է անում աշխարհի երկրների խորհրդարաններին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ որպես ամենաարդյունավետ միջոց` Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու և նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ:

ԱՀ ԱԺ–ն ընդգծում է Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը և նրա կողմից ռազմական գործողությունների փաստացի հրամանատարությունն ու ղեկավարումը, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ահաբեկչական կազմակերպությունների զինյալների ներգրավվման փաստը։

Արցախի ԱԺ–ն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության, ինչպես նաև միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը, սակայն Թուրքիայի և Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման հետևանքով այդ քայլերը գործնական արդյունք չեն տվել, ուստի ամենաարդյունավետ միջոցը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է։

Ավելի վաղ` ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարել էր, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է լինել զսպող քայլ, որը համարժեք պատասխան կլինի ադրբեջանական կողմի սանձազերծած ագրեսիային։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ