Ծուղակն են ընկել. Ադրբեջանն ավելի քան 200 սպանված զինծառայող է թողել մարտադաշտում

Ադրբեջանի զինծառայողները շտապել են զբաղեցնել «դատարկ» դիրքը, սակայն այդքան էլ ճիշտ չեն հաշվարկել իրենց քայլերը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ Արցախի պաշտպանության բանակն այսօր ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում կիրառել է մարտավարական հնարքներ, արդյունքում Ադրբեջանն ավելի քան 200 սպանված զինծառայող է թողել մարտադաշտում։

«ՊԲ–ն ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն։ Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետև հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը»,–գրել է Ստեփանյանը Facebook–ի իր էջում։

Նրա խոսքով` մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող` հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ