ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական «Дождь» հեռուստաալիքը ԼՂՀ մայրաքաղաքի գնդակոծության կադրերը ներկայացրել է որպես ադրբեջանական Թարթառ քաղաքում արված տեսանյութ, որից հետո ներողություն է խնդրել։
Վիրավոր Ստեփանակերտը. ի՞նչ տեսք ունի քաղաքը հրետակոծությունից հետո
«Այսօր «Дождь»-ի եթերում սխալմունք է տեղի ունեցել. Ադրբեջանի Թարթառ քաղաքում տեղի ունեցածի լուսաբանման ժամանակ Ստեփանակերտի գնդակոծության կադրերն են հայտնվել եթերում։ Հեռուստադիտողի մոտ կարող էր տպավորություն ստեղծվել, որ «Дождь»–ը միտումնավոր Ստեփանակերտում տեղի ունեցողը ներկայացնում է որպես Թարթառի դեպքեր։ Բայց դա այդպես չէ։ Եթերում տեղի ունեցածը սխալմունք է, որի համար ներողություն ենք խնդրում մեր բոլոր հեռուստադիտողներից։ Այսուհետ ավելի ուշադիր կհետևենք եթեր հեռարձակվող տեսանյութերին», – ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արցախի մայրաքաղաքը, ինչպես նաև մյուս քաղաքները, վերջին օրերի ընթացքում ակտիվ հրետակոծությունների են ենթարկվում տարատեսակ սպառազինությունից, մասնավորապես` համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:
Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։
Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ