Թույլ չենք տա նոր ցեղասպանություն. Արմեն Սարգսյանը դիմել է հայությանը

Արմեն Սարգսյանը կոչ է արել սփյուռքին բազմապատկել ջանքերը, քանի որ պայքարը երկու պետության դեմ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի– Sputnik. Հզոր ու ամուր Սփյուռքն իսկական բանակ է, որը սատար է հայրենիքին ու քաջարի Հայոց բանակին այս դժվարին, ճակատագրական պահին։

Եվրոպան պետք է սպասի Թուրքիային Վիեննայի մերձակայքում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ` նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել աշխարհասփյուռ հայությանը։ Նա շնորհակալություն է հայտնել համերաշխության, միասնության համար, որ դրսևորեց Սփյուռքը` արձագանքելով Արցախում և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից համատեղ սանձազերծված պատերազմին։ Նախագահն ընդգծել է` հայրենիքը երախտապարտ է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքին ակտիվ մասնակցուրթյան համար։ Նա նշել է` նույնիսկ հեռավորությունից հայրենիքը լսում և զգում է յուրաքանչյուրիդ խոսքն ու աջակցությունը։

«Ձեզնից յուրաքանչյուրն այսօր Հայաստանի և Արցախի դեսպանն է դրսում: Դուք բոլոր հնարավոր միջոցներով՝ հավաքներով, կոչերով, դիմումներով և ելույթներով ամեն ինչ անում եք ճշմարտությունը, Արցախի ձայնը հասցնելու միջազգային հանրությանը, այդ թվում՝ ձեր երկրների կառավարություններին՝ ներկայացնելու Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի սանձազերծված հարձակման անմարդկային էությունը»,– նշված է նախագահի ուղերձում։

Մի՛ եղեք կույր. Արտակ Բեգլարյանը դիմել է միջազգային հանրությանը

Արմեն Սարգսյանը կոչ է արել բազմապատկել ջանքերը, որովհետև մեր ժողովրդի դեմ ելել է ոչ միայն Ադրբեջանը, այլև «ցեղասպան Թուրքիան՝ իր զենքով, զինվորականով ու վարձկան ահաբեկիչներով, իր հայատյաց խոսքով ու գործով»: Նա հիշեցրել է` սա այն նույն Թուրքիան է, որը 105 տարի առաջ ցեղասպանություն իրականացրեց։

«Այս անգամ դա չի անցնելու, մենք թույլ չե՛նք տա նոր ցեղասպանություն: Մեր համաշխարհային ազգը հզոր է իր միասնությամբ ու հավաքական ուժով։ Որևէ կասկած չկա, որ մենք հաղթելու ենք: Մենք անհաղթ ենք մեր ամենահաղթ միասնությամբ։ Հաղթանակը մերն է լինելու։

Աստված պահապան բոլորիս»,– եզրափակել է նախագահն իր ուղերձը: