ՊՆ խոսնակի անունով բացված կեղծ էջից նամակ է ուղարկվում

Նամակում իբր Օնիկ Գասպարյանի կոչն է, որում նաև Արայիկ Հարությունյանի ու Դավիթ Տոնոյանի մասին է գրված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի– Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հորդորում է անտեսել իր անունով բացված կեղծ էլեկտրոնային հասցեից ուղարկված նամակներն ու հաղորդագրությունները։

«Պաշտպանության նախարարությունը պաշտոնական գրություններն ուղարկում է միմիայն գերատեսչության էլեկտրոնային հասցեից։ Հետևեք միայն իմ ֆեյսբուքյան էջի գրություններին և մի բացեք տվյալ նամակները»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Էլեկտրոնային հասցեից, որում ներառված են ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի անունն ու ազգանունը, տարածվել է իբրև թե ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կոչը, որում նաև այսպիսի նախադասություն կա. «Մենք կորցրինք Արայիկ Հարությունյանին և Դավիթ Տոնոյանին»:

Ադրբեջանցիները ապատեղեկատվություն են տարածել, թե Արցախի նախագահը վիրավորվել է

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ