Լոս Անջելեսի հայերը կաթվածահար են արել երթևեկությունը. ի՞նչ են պահանջում CNN–ից

Հայկական սփյուռքը բողոքի ակցիաներ է անցկացնում ամբողջ աշխարհում` պահանջելով դադարեցնել Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Լոս Անջելեսի հայերը փակել են քաղաքի առանցքային խաչմերուկները և որոշել են գիշերել գլխավոր փողոցներից մեկում` Սանսեթում` CNN–ի գրասենյակի դիմաց` հեռուստաալիքից և ամերիկյան այլ ԶԼՄ–ներից պահանջելով ներկայացնել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների իրական պատկերը և աջակցել Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայի կասեցման գործում, դեպքի վայրից հայտնում է Horizon Armenian TV թղթակից Վրույր Թադևոսյանը։

Facebook–ում հրապարակվել է բողոքի ակցիայի ուղիղ հեռարձակման տեսագրությունը։ Թղթակիցները նշում են, որ երթևեկությունը կաթվածահար է եղել, սակայն քանի որ ակցիան խաղաղ է և օրինական, ոստիկանությունը չի միջամտում։

«Ցերեկվա ժամը 4-ից այստեղ հավաքված ցուցարարներն ընդգծում են, որ սա ուղղակի պատերազմ չէ, այլ ահաբեկչություն, նրանք պահանջում են, որ CNN–ն ու ամերիկյան մյուս ԶԼՄ–ները թղթակիցներ ուղարկեն Արցախ, որպեսզի նրանք իրական պատկերը լուսաբանեն», – ասում է լրագրողը` նշելով, որ գլխավոր նպատակը հարցին առավելագույնս մեծ հնչողություն տալն է։

Բողոքի ակցիաներ Արգենտինայում և Բրազիլիայում. հայ համայնքը դատապարտում է Ադրբեջանի քայլերը

Նշենք, որ հայկական սփյուռքն ամբողջ աշխարհում է բողոքի ակցիաներ իրականացնում` պահանջելով դադարեցնել Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան։

Ավելի վաղ բազմամարդ բողոքի ակցիա էր կազմակերպվել նաև Նյու Յորքում` ՄԱԿ–ի գրասենյակի մոտ։ Մասնակիցներն այնտեղ էին գնացել Հայաստանի և Արցախի դրոշներով` ՄԱԿ–ից պահանջելով գործուն միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար։ Ցուցարարները խոսել էին նաև համազգային համախմբման կարևորության մասին` ընդգծելով, որ հայ ժողովրդի ուժը միասնության մեջ է։

«Թող ամբողջ աշխարհը տեսնի, որ մենք միասնական ենք և միշտ պետք է պաշտպանենք մեր հայրենիքը, այդ թվում Արցախը` այդ սուրբ հողը», – ասում էին ակցիայի մասնակիցները։ Բացի այդ, նրանց ձեռքում հետևյալ գրություններով պաստառներ կային. «Հայաստանը խաղաղություն է ուզում, իսկ Ադրբեջանը` պատերազմ», «Կանգնեցրե՛ք Ալիևին և Էրդողանին»։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ