Հայաստանը Թուրքիայի հարցով դիմել է ՄԻԵԴ

Մեր երկիրը պահանջում է միջանկյալ միջոց կիրառել Թուրքիայի նկատմամբ` ՀՀ և ԱՀ խաղաղ բնակիչների վրա հարձակումներին մասնակցելու և աջակցելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Այսօր` վաղ առավոտյան, ՀՀ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Տեղեկությունը Facebook–ի պաշտոնական էջում հայտնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը և շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին՝ Հայաստանի Հանրապետությունը իր և Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Հայաստանը սեպտեմբերի 27–ին ՄԻԵԴ էր դիմել նաև Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ Հայկական կողմի պահանջը երեք կետից էր բաղկացած` պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց։

ՄԻԵԴ–ն արցախա–ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների առնչությամբ հայկական կողմի ներկայացրած դիմումի հետ կապված որոշում էր կայացրել սեպտեմբերի 30-ին։

Որոշման մեջ կոչ էր արվում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնցով կխախտվեն մարդու իրավունքները։ Որոշման պայմանները չպահելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է, ինչին դատարանը կարող է անդրադառնալ իր ակտով` վճռով։ Դա բավականին լուրջ խախտում է համարվում, և հետևանքները կարող են տարբեր լինել։

Հիշեցնենք նաև` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ընթացքում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին։