ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնում է, որ այս պահին օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն չկա։ Facebook–ի իր էջում նա հերքել է շրջանառվող տեղեկությունները, թե հնարավոր է` փորձնական օդային տագնապի ազդանշան տրվի։
«Հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական»,– գրել է նախարարն ու հավելել, որ այդ դեպքում ԱԻՆ–ը իրազեկման անհրաժեշտ բոլոր միջոցները կկիրառի բնակչությանն այդ մասին օպերատիվ տեղեկացնելու համար:
Մասնավորապես, օդային տագնապի իրազեկումն իրականացվելու է էլեկտրաշչակներով, բջջային հեռախոսներին ուղարկվող կարճ sms հաղորդագրություններով և ԶԼՄ–ներով:
Նախարարը հորդորել է բոլորին հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը:
Չնայած նրան, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չկա, բայց գրառմանը կից նախարարը հրապարակել է այն կանոնները, որոնց պետք է հետևել օդային տագնապի դեպքում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ի ուշ երեկոյան համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե պայթյունի ձայներ են լսվել Աբովյան քաղաքում ու հարակից բնակավայրերում։ Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի ՀՕՊ ուժերը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի օդային տարածքում հայտնված 4 անօդաչու թռչող սարքեր են ոչնչացրել։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ տեղեկացրել էր, որ բոլոր 4 ԱԹՍ–ները հետախուզական են եղել։
Ո՞ր դեպքում ՀՀ-ում գտնվող ՌԴ զինուժը կօգտագործվի ՀՀ անվտանգությունն ապահովելու համար