ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինան իր կնոջ` Նասիմայի և փոքրիկ որդու` Ֆրենսիսի հետ հայերին ուղղված տեսաուղերձ է նկարահանել Սուդանի Նուբա լեռներում և տարածել Twitter–ի իր էջում։
«Ցանկանում ենք Արցախի և Հայաստանի ամբողջ ժողովրդին ասել` ուժեղ եղեք, մենք այստեղ ենք և ամեն օր աղոթում ենք ձեզ համար։ Հիմնվելով հակամարտության մասին մեր ունեցած փորձի վրա` գիտենք, թե ինչի միջով եք անցնում։ Պարզապես իմացեք` մենք ձեզ հետ ենք»,– ասում է բժիշկ Քաթինան։
Հիշեցնենք՝ ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան 2008 թվականից իր գործունեությունն իրականացնում է Սուդանի Նուբա լեռների Գիդել քաղաքում։
Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ, կաթոլիկ միսիոներ, Քաթինան տարիներ շարունակ իրականացրել է տարեկան 1000 վիրահատություն՝ օրական սպասարկելով ավելի քան 400 հիվանդի:
«Ավրորա» մրցանակին նա արժանացել է 2017 թվականին։ 2019 թվականին Հայաստան կատարած այցելության ժամանակ Թոմ Քաթինան Նասիմայի հետ միությունը պաշտոնապես գրանցեց Երևանում։