Ադրբեջանը միայն այսօր մոտ 400 զոհ ունի. Արծրուն Հովհաննիսյանը` Ալիևի մասին

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեփական երկրում գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի տիրույթում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ հակառակորդը միայն այսօր ունի մոտ 400 զոհ, գրեթե 700 վիրավոր։ Հայկական կողմը խոցել է ադրբեջանական 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ, 1 ԱԹՍ։

Ադրբեջանցիները խուճապահար փախչում են Մատաղիսից. տեսանյութ

Հովհաննիսյանի խոսքով` այս պահին մարտերը շարունակվում են նույն ուղղություններով` հարավային և հյուսիսային։ Համեմատելով նախորդ երկու օրերի հետ` նա նշեց, որ այսօր մարտերն այդչափ համառ և ծանր չեն եղել, թեպետ հակառակորդը շարունակել է հարձակողական գործողությունները, որոնք մեր զինծառայողները հետ են մղել։

Նա անդրադարձավ այն ապատեղեկատվությանը, որը հակառակորդ երկիրը տարածում է ամենաբարձր ղեկավարների մակարդակով, մասնավորապես` Ադրբեջանի նախագահն իր ընտանիքի անդամների հետ։ Օրինակ` երեկ Ադրբեջանի ղեկավարներն իրար շնորհավորում էին Մատաղիսը գրավելու կապակցությամբ, իսկ այսօր ՀՀ ՊՆ–ն տեսանյութ հրապարակեց, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները Մատաղիսի մերձակայքից փախչում։ Այսօր էլ Ադրբեջանում հերթական ապատեղեկատվությունը տարածվեց Ջաբրայիլի գրավման վերաբերյալ։

«Մենք բոլոր հիմնավոր կասկածներն ունենք ենթադրելու, որ Ալիևը սեփական երկրում գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում։ Փաստացի, երկրի գլխավոր գերագույն հրամանատարը չի տիրապետում իրավիճակին, կամ էլ սխալ են զեկուցում»,– նշեց Հովհաննիսյանը` հավելելով, որ այդ կեղծ ինֆորմացիայից Ալիևը ոգևորվում է և սեփական պարտությունը հաղթանակ ներկայացնելու համար փորձում է էժանագին լուրեր տարածել, որոնք շատ հեշտ հերքվում են անգամ տեսանյութերով։

«Այսօր Գյանջայի` պատմական Գանձակի օդանավակայանին հասցված հարվածից հետո մենք հասկացանք, թե Ալիևն ինչքան թքած ունի ժողովրդի վրա։ Մեկ շաբաթ է` պատերազմ է, մեկ շաբաթ է` ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, բայց Ալիևը ոչ մի քայլ չի ձեռնարկել բավականին մեծ քաղաքի քաղաքացիական բնակչությունը կազմակերպելու և բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,– նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանի ԶՈւ–ն այսօր որևէ նշանակալի մարտավարական գործողություն չեն կարողացել կատարել։ Ավելին, կրելով կորուստներ` հետ են շպրտվել։ Հովհաննիսյանի խոսքով` դա եղել է նաև այն պատճառով, որ թուրքական զինված ուժերի ամենագործուն միջամտությունն այսօր որոշակիորեն չեզոքացվել էր։ Թուրքական օդուժը, մասնավորապես` թուրքական ԱԹՍ–ները չեն կարողացել աշխատել, և դրա համար կորուստն ու փախուստն ավելի շատ են եղել, դրա համար էլ գրավված քաղաքների մասին հորինված լուրեր ենք տեսնում։

Հիմա էլ Ջաբրայիլի «ազատագրումն» են տոնում, դա էլ է սուտ

Անդրադառնալով Հայաստանի տարածքից Ադրբեջանին հարվածելու մասին հակառակորդի տարածած լուրերին` Հովհաննիսյանը նշեց, որ այդ հորինված հարվածները քողարկում էին Ադրբեջանի գործողությունները, իբրև թե լեգիտիմացնում դրանք, բայց դրանք անպատիժ չեն մնացել և չեն մնա։

«Չեմ կարծում, որ Երևանը վտանգված է, բայց ամեն դեպքում, մենք պատերազմի մեջ ենք»,– նշեց Հովհաննիսյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարող է նաև մայրաքաղաքին վտանգ սպառնալ։

Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին ՀՀ–ի սահմաններին ակտիվ մարտական գործողություններ չկան, հարաբերական հանգիստ է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 4-ի ժ. 21։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ