«Մուրացան» ԲԿ-ի մոտ ադրբեջանցիներ չեն եղել. ԱԱԾ–ն հերքում է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իր երախտագիտությունն է հայտնում քաղաքացիների կողմից ցուցաբերվող զգոնության համար և նրանց կրկին հորդորում, որ կասկածելի անձանց ու երևույթներ նկատելու դեպքում առաջնային կերպով հայտնեն պատկան մարմիններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մոտակայքում 2 ադրբեջանցիների առկայության մասին լուրերն իրականության չեն համապատասխանում։ Այս մասին պաշտոնական պարզաբանում է տարածել Ազգային անվտանգության ծառայությունը։

Ինչպես է նահանջում թշնամու ստորաբաժանումը. տեսանյութ

Նշվում է, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում, հրատապ կերպով, հայտնաբերվել են քաղաքացիների կողմից նկատված երկու օտարերկրացիները: Համապատասխան պարզաբանումների ընթացքում նշված անձանց՝ հակառակորդի հետ կապ ունենալու, տեղի ունեցող հակամարտությանն առնչվելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել:

«Պարզվել է, որ նրանք Ուզբեկստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներ են, դեռևս 2020 թվականի մարտ ամսից հանգամանքների բերումով և ժամանակավորապես գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, զբաղվում են բանվորական աշխատանքով, վարձակալական հիմունքներով բնակվում են Երևանում, իսկ Հայաստանի Հանրապետությունից նրանց մեկնումը հետաձգվել է՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի տարածման սահմանափակումներով»,–նշված է պարզաբանման մեջ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իր երախտագիտությունն է հայտնում քաղաքացիների կողմից ցուցաբերվող զգոնության համար և նրանց կրկին հորդորում, որ կասկածելի անձանց ու երևույթներ նկատելու դեպքում առաջնային կերպով հայտնեն պատկան մարմիններին:

Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել. ՀՀ ՊՆ խոսնակ

Հիշեցնենք, երեկ Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մոտակայքում գտնվող քաղաքացիները, տեսնելով երկու օտարերկրացիների և ենթադրելով, որ նրանք ադրբեջանցիներ են, ահազանգել են ՀՀ ԱԱԾ։