Երևանը հակադարձելու է Արցախի դեմ ագրեսիային, բայց պատրաստ է շարունակել բանակցությունները

ՀՀ ԱԳՆ–ն հայտնում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միասնական ագրեսիվ գործողությունները և ահաբեկիչ զինյալների ներգրավումը խաթարում են տարածաշրջանային անվտանգությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն ողջունում է այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առաջնորդների մակարդակով խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը:

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ

«Հայաստանը շարունակաբար մերժել և դատապարտել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը և Թուրքիայի անմիջական ներգրավումը Հայաստանի ու Արցախի դեմ մարտական գործողություններում: Ադրբեջանի և Թուրքիայի միասնական ագրեսիվ գործողությունները և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը խաթարում են տարածաշրջանային անվտանգությունը՝ բարձրացնելով լայնածավալ պատերազմի վտանգը»,–ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

ԱԳՆ–ն նշում է, որ Արցախի դեմ այս ագրեսիան պետք է անմիջապես դադարեցվի:

Հայաստանը շարունակում է հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի համակարտության խաղաղ կարգավորմանը: ԱԳՆ–ն հայտնում է, որ շարունակելու է վճռականորեն հակադարձել Արցախի դեմ այս ագրեսիային` միաժամանակ պատրաստ լինելով աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի հարցով մի շարք նախաձեռնություններ կձեռնարկվեն․ Մակրոն

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Շտեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտարարություն էին տարածել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Համանախագահներն անհանգստացած են շփման գծում լայնամասշտաբ ռազմական գործողություններից և դատապարտում են ուժի կիրառումը։ Նրանք կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերականգնել երկխոսությունը՝ հակամարտության կայուն լուծում գտնելու համար։