Սիսիանցի փոքրիկին անվանակոչել են ի պատիվ Արցախում զոհված համաքաղաքացու. լուսանկար

Քսանամյա Տարոն Ֆիլիպոսյանը հերոսաբար զոհվեց սեպտեմբերի 29-ին ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Սիսիանում նորածին տղային անվանակոչվել են ի պատիվ այս օրերին առաջնագծում զոհված համաքաղաքացու ՝ զինծառայող Տարոն Ֆիլիպոսյանի: Տեղեկությունը հայտնում է Սիսիանի բժշկական կենտրոնը Facebook–ի պաշտոնական էջում։

Նշվում է, որ մայրը որոշել էր որդուն Գոռ անվանել, սակայն կոչեց նրան Տարոն՝ ի պատիվ Արցախում ադրբեջանական հարձակումը հետ մղելիս հերոսաբար զոհված Տարոն Ֆիլիպոսյանի։ 20-ամյա սիսիանցի երիտասարդը զոհվել էր սեպտեմբերի 29-ին։

«Ձեր հիշատակն ապրում է մեր սերունդների, արյան, հիշողության և գենի մեջ, հերոսներ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կից հրապարակվել է նաև փոքրիկի լուսանկարն ու վերնագրվել այն` «Նոր կյանք` պատերազմի օրերին»։

Ավելի վաղ Արցախում ադրբեջանական զինուժի գնդակոծության ենթարկված հղի հայուհին երեխա է ունեցել և նրան անվանակոչել Մոնթե` ի պատիվ Հայաստանի ազգային հերոս, 90-ականների Արցախյան պատերազմի մասնակից Մոնթե Մելքոնյանի: Իսկ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում հոկտեմբերի 1-ին ծնվել է Արթուրը՝ իր ընտանիքի միակ փոքրիկը, որը լույս աշխարհ է եկել Արցախի սահմաններից դուրս։ Նրա մայրը ՝ Էլլադա Կարապետյանը, գնդակոծությունից հետո է տարհանվել Արցախից, իսկ փոքրիկի հայրն այս պահին գտնվում է առաջնագծում։

Արցախում վնասվածքներ ստացած հղի կինն արու զավակ է լույս աշխարհ բերել. լուսանկար