Բաքվին են ծառայում․ պատգամավորը բացատրել է Կիևի որոշ գործիչների հակահայկական պահվածքը

Ուկրաինական քաղաքական վերնախավի ներկայացուցիչները ղարաբաղյան հակամարտության հարցում պարբերաբար աջակցության են հայտնում Ադրբեջանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Ուկրաինայի լուրջ կախվածությունը Թուրքիայից ու Ադրբեջանից ստիպում է կիևյան քաղաքական առանձին գործիչներին ակնհայտորեն հակահայկական հայտարարություններ անել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց պատգամավոր, Հայաստան-Ուկրաինա բարեկամության խմբի անդամ Արման Աբովյանը։

Զինված ուժերի զորամիավորումները բերված են մարտական պատրաստականության աստիճանի. ՊՆ

Ավելի վաղ Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության կողմից Գերագույն ռադայի պատգամավոր ընտրված Լյուդմիլա Մարչենկոն ասել էր, որ Ուկրաինան պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։

 «Ուկրաինան այսօր պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին։ Դա և՛ ռազմական աջակցությունն է, և՛ հումանիտար օգնություն բոլոր նրանց, ով ապագայում դրա կարիքը կունենան։ Սա պատերազմական իրավիճակ է», -ասել է խորհրդարանականը։

Աբովյանի խոսքով՝ տարբեր ժամանակաշրջաններում ուկրաինական իշխանության տարբեր ներկայացուցիչներ ակնհայտորեն հակահայկական, ադրբեջանամետ հայտարարություններ են անում։ Դրա երկու պատճառ կա․ Ուկրաինան լուրջ էներգետիկ ու ֆինանսական կախվածություն ունի Ադրբեջանից ու Թուրքիայից։ Երկրորդն էլ, հաշվի առնելով ադրբեջանական կողմի աշխատելաոճը, Աբովյանը կարծում է, որ այստեղ կարող են նաև անձնական շահեր լինել։

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

«Միաժամանակ պետք է հստակ առանձնացնել պետական ապարատի առանձին պաշտոնյաների դիրքորոշումը ուկրաինական հասարակության դիրքորոշումից։ Մենք նաև բավականին սերտ հարաբերություններ ունենք ուկրաինական կառույցների հետ։ Աշխատելով նրանց հետ՝ կարող եմ ասել, որ հայամետ տրամադրությունները ուկրաինական հասարակության մեջ բավականին տարածված են», - ավելացրեց պատգամավորը։

Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ Ուկրաինան իր պետական ապարատով այսօր քաոսի մեջ է։ Կիևն ունակ չլինելով լուծել իր իսկ ծայրահեղ ծանր խնդիրները, որոնց մասին բոլորը գիտեն, փորձում է միջամտել այս կամ այն միջազգային կոնֆլիկտներին։

Աբովյանը վստահ է, որ Ուկրաինայի հայկական ու հայամետ կազմակերպությունները կարձագանքեն Մարչենկոյի այդ հայտարարությանը։ Պետք է արձագանքի նաև հայկական դիվանագիտությունը։  Սակայն նույն «Ժողովրդի ծառա» կուսակցությունում կան պատգամավորներ, որոնք գիտեն ճշմարտությունն ու համաձայն են Հայաստանի դիրքորոշման հետ։