Արցախի իշխանությունը «Ղարաբաղ Տելեկոմի» կառավարումը դարձնում է պետական

Արցախի նախագահը նաև հայտնում է, որ մինչև 2021թ-ի հունվարի 1-ը կապի ոլորտի բոլոր ծառայությունները գործելու են անվճար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Ռազմական դրության շրջանակներում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել սահմանափակելու «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման լիազորությունները: Այս պահից դրանք վերապահվում են Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը:

«Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք խախտում ենք սեփականության իրավունքը, բայց հաշվի առնելով առկա պատերազմական իրավիճակում օպերատորի աշխատանքում արձանագրված լրջագույն խնդիրները և կապի ոլորտի ռազմավարական նշանակությունը պատերազմում գտնվող երկրի ու ժողովրդի համար՝ կառավարումը դարձնում ենք պետական»,- իր որոշումն այս կերպ է մեկնաբանում ԱՀ նախագահը:

Հարությունյանը համոզմունք է հայտնում, որ ռազմական դրության պայմաններում կհաջողվի ապահովել անխափան կապն Արցախի Հանրապետության տարածքում՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները:

Արցախի նախագահը նաև հայտնում է, որ մինչև 2021թ-ի հունվարի 1-ը կապի ոլորտի բոլոր ծառայությունները գործելու են անվճար:
Իսկ սակագների էական նվազեցման, կապի որակի բարձրացման և զարգացման վերաբերյալ կապի օպերատորի՝ հանրությանը տրված խոստումները հընթացս իրականացվելու են:

Արցախի իշխանությունը «Ղարաբաղ Տելեկոմի» կառավարումը դարձնում է պետական

Արցախցիներին ուղղված տեսաուղերձում Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնում Արցախի կապի ոլորտի ներդրողներին՝ տարիների համագործակցության ու իրականարած ծրագրերի համար:

«Իհարկե հետագայում, պատերազմական իրավիճակից դուրս գալուց հետո մենք քննարկելու ենք հետագա համագործակցությունը սեփականատերերի հետ: Մենք հարգում ենք սեփականության իրավունքը, որը պաշտպանված է սահմանադրությամբ: Բայց իրավիճակը մեր առջև նման խնդիրներ է դնում»,- ասում է ԱՀ նախագահը: