Արցախի ՊԲ–ն 5 ինքնաթիռ և 3 ուղղաթիռ է խոցել. Արծրուն Հովհաննիսյան

Հայկական կողմը ճշգրիտ հարվածներ է հասցրել, որոնց արդյունքում Ադրբեջանը զրկվել է հերթական ինքնաթիռներից և ուղղաթիռներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Պաշտպանության բանակը կրկին ադրբեջանական ինքնաթիռներ և ուղղաթիռներ է խոցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Արցախի ՊԲ ճշգրիտ հարվածներով ժամը 16:00-ի սահմաններում խոցվել է հակառակորդի հինգ միավոր ինքնաթիռ և երեք միավոր ուղղաթիռ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։