ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ում գրառում է արել՝ դարձյալ անդրադառնալով հեռախոսային զանգերի անվտանգության հարցին:
«Այսօր նույնիսկ Երևանում անվտանգ չէ խոսել բջջային կապով, քանի որ թուրքական տարածքից հնարավոր է գաղտնալսվի»,- գրում է Մարտիրոսյանը:
Նա նաև նշում է, որ խոսքը ոչ բոլոր խոսակցություններին է վերաբերում, առօրեական խոսակցություններ, օրինակ, հանգիստ կարելի է շարունակել վարել հեռախոսով: Ընդ որում` նրա խոսքով, որքան շատ, այնքան լավ, քանի որ դա կբարդացնի թշնամու գործը:
«Բայց եթե առաջնագծից, անվտանգության կամ այլ նմանատիպ թեմաների մասին է խոսակցությունը՝ ոչ հեռախոսով»,- հերթական անգամ զգուշացնում է փորձագետը:
Նման դեպքերի համար Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս օգտվել Whats up, Telegram, Signal, թեկուզ Facebook-ի Messenger հավելվածներից: «Բայց դե էլի չարժե շատ տարածվել»,- զգուշացնում է Սամվել Մարտիրոսյանը:
Զինվորների մասին տեղեկություն հավաքելու փորձերից պետք է զերծ մնալ. ԱԱԾ
Նշենք, որ Արցախում ու Հայաստանում ընթացող ռազմական գործողությունների ամբողջ ընթացքում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ևս հայտարարում է, որ անհրաժեշտ է լիովին զերծ մնալ հեռախոսային խոսակցությունների ու SMS հաղորդագրությունների միջոցով զինվորական տեխնիկայի տեղաշարժի, առաջնագծում և ռազմական գործողությունների տարբեր վայրերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ միմյանց տեղեկություններ փոխանցելուց՝ անգամ ականատես լինելու պարագայում: