ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը ձեռնամուխ է եղել Արցախի խաղաղ բնակչության դեմ զանգվածային ոճրագործությունների իրականացմանը: Նման հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` անդրադառնալով այսօր Ստեփանակերտին և Հադրութին «Սմերչով» հարվածելու դեպքերին։
«Օտարերկրյա զինյալ ահաբեկիչներով համալրված Ադրբեջանի զինված ուժերը, անկարող լինելով վեցօրյա մարտերի ընթացքում հասնել որևէ հաջողության մարտի դաշտում, խաղաղ բնակչությանն է թիրախավորում»,–նշված է հաղորդագրության մեջ։
ԱԳՆ–ն հայտնում է նաև, որ հարձակումները մեծամասամբ իրականացվում են Թուրքիայի կողմից ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում Ադրբեջանին տրամադրված զինտեխնիկայի և սպառազինության օգտագործմամբ, թուրքական ռազմական մասնագետների համակարգմամբ:
ՀՀ-ն խստորեն դատապարտում է ադրբեջանա-թուրքական դաշինքի այս հանցագործությունը և վերահաստատում իր վճռականությունն Արցախի իշխանությունների հետ համատեղ բոլոր միջոցներով չեզոքացնելու Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած սպառնալիք:
ԼՂ–ում կրակի տակ է հայտնվել ռուս և հայ լրագրողների ավտոբուսը
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հարված է հասցրել մայրաքաղաք Ստեփանակերտին և Հադրութ քաղաքին, որի հետևանքով եղել են վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում:
Ի՞նչ տեսք ունի Ստեփանակերտը հրետակոծությունից հետո. տեսանյութ