Վիրավոր զինվորները շտապեցնում են բժիշկներին. ընկերները սպասում են առաջնագծում

Թշնամու կրակոցների հետևանքով վիրավորներ կան ինչպես արցախյան, այնպես էլ երևանյան հիվանդանոցներում։ Sputnik Արմենիան զրուցել է երկու մասնագետների հետ, որոնք երկու հանրապետություններում բուժում ստացող զինվորների մասին են պատմել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Արցախում մարտական գործողությունները սկսելու հաջորդ օրվանից սկսած` Երևանի Այրվածքաբանության կենտրոնը սկսել է վիրավոր զինվորների ընդունել։ Այժմ հիվանդանոցում շուրջ երկու տասնյակ զինծառայող կա` միջինից մինչ ծանր վիճակում գտնվող։ 

Վիրավոր զինվորները շտապեցնում են բժիշկներին. ընկերները սպասում են առաջնագծում

«Բոլորն էլ փորձում են օր առաջ դուրս գրվել և վերադառնալ իրենց ընկերների մոտ։ Նրանք դաժան պատմություններ են պատմում, բայց հետաքրքիրն այն է, որ սարսափով չեն պատմում, այլ մարտական ոգով։ Ասես` այդ դաժան պատմությունն ընդամենը մեկ ակնթարթ է տևել իրենց կյանքում։ Սա նաև մեզ է ոգևորում, ու հասկանում ենք, որ սահմանն ամուր է»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը։

Վիրավոր զինվորները շտապեցնում են բժիշկներին. ընկերները սպասում են առաջնագծում

Նա հայտնեց նաև, որ այսօր ուշագրավ մի զրույց են ունեցել զինվորներից մեկի հետ։ Արմավիրցի մի տղա պատմել է, որ Հադրութում է ծառայում։ Իսկ հարցին, թե որտե՞ղ է ավելի լավ, առանց մտածելու պատասխանել է.

«Հադրութում»։

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` այժմ հիվանդանոցում սահմանափակվել են տեսակցությունները։ Դրանք միայն ժամը 19-20-ի սահմաններում են լինում, ինչի կապակցությամբ երբեմն բողոքներ են հնչում, սակայն զինվորների առողջությունը, բնականաբար, շատ ավելի կարևոր է։ Սիմոնյանն ասում է` երբեմն բացառություններ են անում. այսօր, օրինակ, վիրավոր զինծառայողներից մեկի մանկության ընկերը պետք է առաջնագիծ գնար, սակայն մինչ այդ ուզել է տեսակցել հիվանդանոցում գտնվող ընկերոջը։ Սիմոնյանն այս դեպքում բացառություն է արել։

Վիրավոր զինվորները շտապեցնում են բժիշկներին. ընկերները սպասում են առաջնագծում

Այրվածքաբանականում հիմնականում վերջույթների, դեմքի հատվածում ԱԹՍ–ի կողմից կամ էլ հրետակոծության հետևանքով վիրավորում ստացածներ են։ Կենտրոնի տնօրենն ասում է, որ զինվորների հետ չեն խոսում վիրավորում ստանալու հանգամանքների մասին։ Այս ընթացքում հիվանդանոցից դուրս գրվողներ չեն եղել, սակայն առաջին օրը կենտրոն է ընդունվել մեկ զինծառայող, ցավոք, մահացել է։

Կենտրոնը, ի դեպ, զուգահեռ կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ է զբաղվում, սակայն անձնակազմն առանձնացվել է, որպեսզի վարակը չտարածվի։ Ինչ վերաբերում է անձնակազմի ծանրաբեռնվածությանը, ապա, ըստ Սիմոնյանի, աշխատակիցները սովոր են, որ կարող են միանգամից մեծ քանակությամբ տուժածների ընդունել։

Վիրավոր զինվորները շտապեցնում են բժիշկներին. ընկերները սպասում են առաջնագծում

Բանն այն է, որ այրվածքաբանականում հիմնականում ինչ–որ աղետների, դեպքերի դեպքում մեծ թվով մարդկանց են միանգամից ընդունում, չնայած այն հանգամանքին, որ տարվա ընթացքում կարող են այնքան էլ հոսք չունենալ։

«Մենք նաև ուղղաթիռահարթակ ունենք, որը դեռ չենք օգտագործել, սակայն ամեն ինչ կազմ–պատրաստ է։ Բացի այդ, մեր բժիշկներից մեկին գործուղել ենք Գորիսի ԲԿ, որպեսզի անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերեն ու եթե կարիք լինի, արագ կազմակերպի մեզ մոտ տեղափոխելը պացիենտին։ Այնպես որ, ամեն ինչ լավ է լինելու»,–ասաց Սիմոնյանը։

Իսկ թե ինչ վիճակ է Արցախում, զրուցեցինք «Բեգլարյան» բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբույժ Գևորգ Շահսուվարյանի հետ, որն այժմ Ստեփանակերտի հոսպիտալ է գործուղվել։ Նա պատմեց` դեռ չի եղել մի զինվոր, որ բժշկին չշտապեցնի։

«Մեր զինվորների բարոյահոգաբանական վիճակը շատ բարձր է, և դեռ չեմ հանդիպել որևէ մեկին, որ գա հիվանդանոց և հետ գնալու փորձ չանի։ Բոլորը շտապում են ծառայության` ասելով` ընկերներս, ենթականերս մնացին, գնամ-հասնեմ նրանց։ Եվ խոսքը ոչ միայն ժամկետայինների, այլ նաև կամավորականների մասին է»,–ասաց Շահսուվարյանը։

Վիրավոր զինվորները շտապեցնում են բժիշկներին. ընկերները սպասում են առաջնագծում

Բժիշկը պատմեց նաև, որ վիրավորում ստացածները հիմնականում լավ վիճակում են, քանի որ ծայրամասային հոսպիտալներում արդեն իսկ անհրաժեշտ բուժօգնություն են ստանում։ Զինծառայողները հիմնականում վերջույթների ախտահարումներով, կոտրվածքներով, բեկորային վնասվածքներով են հիվանդանոց տեղափոխվում։

Ստեփանակերտի հոսպիտալում վիրավորներին վիրահատում են, բուժօգնություն ցուցաբերում և եթե անհրաժեշտություն է լինում, ուղարկում մասնագիտացված հիվանդանոցներ։

Բժիշկների աշխատանքային առօրյան նույնպես այս ընթացքում կտրուկ փոխվել է։ Շահսուվարյանն ասում է, որ աշխատում են առանց գրաֆիկի, ամեն րոպե և վայրկյան պետք է պատրաստ լինեն վիրավոր ընդունելու։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի մարտական գործողությունների հետևանքով շուրջ 200 հայ զինծառայող է վիրավորվել։