Տաթևիկ Ռևազյանը միացել է հայկական արտադրանքի գովազդային արշավին

Օգտատերերը մեծ ոգևորությամբ են ընդունել նրա գրառումը` մեկնաբանություններում հայկական այլ բրենդեր նշելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը միացել է հայկակական արտադրանքի առաջխաղացման արշավին։ Facebook–ի իր էջում նա հրապարակում է արել` նշելով հագուստի, խնամքի պարագաների, քաղցրավենիքի, թեյերի, տնտեսական ապրանքների, զվարճանքի ու խաղերի, դեղորայքի, սննդի և այլ հարյուրավոր ապրանքանիշեր։

«Միահամուռ տարածենք հայկական բրենդերը ու սկսենք հենց դրանց սպառումը»,– գրել է Ռևազյանն ու խնդրել հետևորդներին առաջարկել նաև այլ հայկական բրենդեր, որոնց մասին մոռացել է նշել։

Օգտատերերը մեծ ոգևորությամբ են ընդունել Ռևազյանի գրառումը` մեկնաբանություններում հայկական մի քանի տասնյակ այլ բրենդեր նշելով։

Ավելի վաղ հաղորդել էինք` Արցախի ու Հայաստանի նկատմամբ սանձազերծված թուրք–ադրբեջանական պատերազմի ֆոնին Հայաստանում դարձյալ ակտիվացել է թուրքական արտադրության ապրանքների դեմ հանրային դժգոհությունը։

Հայաստանյան մի շարք խոշոր առևտրային ցանցեր հայտարարել էին, որ այլևս թուրքական արտադրանք չեն ներմուծելու, սպառելու են միայն առկա մնացորդները։